Ցեղասպանություն 100Քաղաքական

Ցեղասպանության ճանաչումն այլեւս անցած էտապ է, ասում է քաղաքագետը

karenghazaryan

Վերջին շրջանում Գերմանիայում ակտիվորեն կազմակերպվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող միջոցառումներ: Նման նախաձեռնություններ կլինեն ամբողջ տարվա ընթացքում: ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին կարեւորում է այդ ամենը՝ հասարակական կարծիքի ձեւավորման առումով: Նա նկատում է, որ հասարակական կարծիքն արեւմտյան ժողովրդավարություններում ուղղորդող եւ թելադրող  նշանակություն ունի կառավարությունների թե ներքին, թե արտաքին քաղաքականության համար:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքով, սակայն, ճանաչումն այլեւս անցած էտապ է եւ այսօր ցեղասպանության հետեւանքների վերացման վրա պետք է ուշադրություն դարձնել։

Ashot HayruniԳերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առումով կարեւոր նախադրյալներից մեկը 2005-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւն է: Գերմանական արխիվներն ուսումնասիրող հայաստանցի պատմաբանի գնահատմամբ՝ թեպետ այդ բանաձեւը որոշակի հուսախաբություն առաջացրեց այն առումով, որ Հայոց ցեղասպանությունն իրավաքաղաքական պատշաճ գնահատական չի ստանում. չի ճանաչվում ու չի դատապարտվում որպես այդպիսին, սակայն «այն շատ կարեւոր է, որպես շատ հուսալի հենարան կամ արահետ՝ երկրորդ քայլը կատարելու ճանապարհին: Բանաձեւում Բունդեսթագը Գերմանիայի պարտքն է համարում դիմադարձ կանգնել իր պատասխանատվությանը՝ Հայոց ցեղասպանության պարագայում»:

Կարեւոր հանգամանք է, որ Գերմանիան Բունդեսթագի մակարդակով ընդունում է իր համապատասխանատվությունը, հավելեց Աշոտ Հայրունին: Ըստ նրա՝ Գերմանիայի համապատասխանատվության պաշտոնական ընդունմանը ածանցվելու են նաեւ որոշակի պարտավորություններ, որոնք բանաձեւում նույնպես արտացոլում են գտել:

«Սա շատ կարեւոր արահետ է, որպեսզի կատարվի երկրորդ, երրորդ քայլերը, մինչեւ որ Թուրքիայում նույնպես Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ հարկն է, կճանաչվի եւ կդատապարտվի, իսկ Գերմանիան դրանում պետք է ունենա իր որոշակի դերակատարությունը, որի կարեւոր նախադրյալներն արդեն առկա են»:

Մեր արտաքին քաղաքականությունը պիտի կարողանա այդ կարեւոր բաղադրիչը գնահատել ու արժեւորել ու ըստ այդմ գործել՝ սերտորեն համագործակցելով Գերմանիայի հետ, ընդգծեց Աշոտ Հայրունին։

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի գնահատմամբ, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերն էապես չեն փոխելու խնդրի էությունը: «Քսաներկու երկիր կլինի ընդունած, թե 32 երկիր, դրանից հարց չի փոխվում, որովհետեւ ինքնին ճանաչումից չի բխում որեւէ պարտավորություն Թուրքիայի համար: Ավելին՝ տվյալ երկրի համար անգամ պարտավորություն չի բխում»:

Հետեւաբար, Արա Պապյանի ձեւակերպմամբ, ճանաչումն արդեն անցած էտապ է եւ հիմա մենք պետք է այլ քայլերի դիմենք: Քայլեր, որոնք միտված կլինեն ցեղասպանության հետեւանքների վերացմանը: «Ցեղասպանության բուն նպատակը հայերին կոտորելու միջոցով հայկական գույքի եւ հայաստանյան տարածքների յուրացումն էր: Հետեւաբար՝ առանց հետ շրջելու այդ գործընթացը, այսինքն՝ առանց լուծելու տարածքային, գույքային, հետեւաբար՝ նաեւ բարոյական հարցերը, մենք չենք կարող ունենալ ապահով բարեկեցիկ Հայաստան»:

Տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ որպես տուժած կողմ պիտի պատրաստ լինի նման քայլերի, եզրափակեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Back to top button