Հասարակություն

Պատրա՞նք, թե՞ իրականություն. «Ձեզ համար, կանայք» երեւանյան ակցիան

lianaeghiazaryan

Օրեր առաջ մայրաքաղաքի գրանցում ունեցող կանանց համար հայտարարված միամսյա անվճար վիրահատական ակցիան քաշքշուկ է առաջացրել քաղաքացիների շրջանում եւ տարակարծություններ առողջապահական տարբեր օղակներում: Մինչ Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ կվիրահատվեն հերթագրված բոլոր կանայք, առողջապահության նախարարությունը թերահավատությամբ ու վերապահումով է մոտենում, թե խոստացվածին, թե նախորդ տարվա՝ պայծառ ներկայացվող ցուցանիշերին:

Երեւանի քաղաքապետարանն օրեր առաջ հայտարարեց «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան: Անվճար վիրահատության միամսյակում ընդգրկվելու համար Երեւանի գրանցում ունեցող կանանց կոչ արվեց մարտի 8-ից ապրիլի 7-ը դիմել ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություն` հերթագրվելու: Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն այդ առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ փոխանցեց` դիմողների համար տարիքային սահմանափակում չկա, «վիրահատվելու են բոլոր հերթագրվածները` առանց բացառության»:

Ինչպիսի՞ն է ծրագրի անցկացման մեխանիզմը: Դրա պատասխանատուները բացատրում են` առողջական խնդիր ունեցող քաղաքացին դիմում է իր հաշվառված ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություն, որտեղ կկատարվի առաջնային բուժզննում եւ նախնական ախտորոշում։ Եթե բժիշկը գտնում է, որ տվյալ քաղաքացին ունի երկրորդ փուլ ուղեգրվելու կարիք, նրան անհրաժեշտ է նեղ մասնագիտական կամ ավելի խորացված հետազոտություն, քաղաքացին կուղեգրվի ստացիոնար, որտեղ կենթարկվի խորը մասնագիտացված հետազոտման եւ հարկ եղած դեպքում կվիրահատվի։

Ծրագրի պատասխանատուն առանձնացնում ու շեշտում է՝ անվճար կկատարվեն գինեկոլոգիական եւ աչքի վիրահատությունները, վահանաձեւ գեղձի, հորմոնալ եւ տոմոգրաֆիկ թանկարժեք հետազոտությունները, նաեւ՝ ընդհանուր վիրաբուժությունը:

երթագրման մեկնարկից մի քանի օր է անցել, եւ «Ռադիոլուր»-ի խմբագրությունն արդեն ահազանգեր է ստանում ծրագրի ընթացքի հետ կապված:

Վահանաձեւ գեղձի հետազոտման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա դիմած տիկին Մարոն քաշքշուկի մեջ է հայտնվել: Նրան վիրահատության նպատակով ուղարկել են վիրաբույժի մոտ, վերջինս, սակայն, ինչ-ինչ պատճառաբանությամբ հրաժարվել է վիրահատել: Իսկ արդեն պոլիկլինիկայի վարիչին դիմելուց կինը պատասխան է ստացել, թե պարտադիր է առողջապահության նախարարությունից պետպատվերի վերաբերյալ տեղեկանք: Քաղաքապետարանի ծրագրի մասին պոլիկլինիկայի վարիչը պաշտոնապես տեղեկացված չի եղել: Իսկ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է` այո, իրենց հաճախ են դիմում ծրագրի վերաբերյալ դիմում-բողոքներով, բայց իրենք դրանք հասցեատերը չեն:

«Մենք որեւէ հայտարարություն չենք արել, որեւէ միջոցառում չենք անում, ուստի պատասխանատվություն չենք կրում արվածի համար»,- ասում է։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը «Ռադիոլուր»-ին ի պատասխան հայտարարում է` քաղաքացին ինքը կարող է ընտրել, թե որ բուժհաստատությունում վիրահատվի եւ որ բժշկի մոտ: Իսկ մինչ այդ՝ իր պոլիկլինիկայում կարող է ծանոթանալ այն բուժհաստատությունների ցանկին, որոնք ընդգրկված են ակցիայում: Ընդ որում՝ ծրագրում ներգրավված են թե պետական, թե  մասնավոր բուժհաստատություններ:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը գոհունակությամբ փոխանցում է նույն ծրագրի անցյալ տարվա արդյունքները` 26 հազարից ավելի քաղաքացի է դիմել «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակներում: Նրանցից 1936-ը վիրահատվել է անվճար: «Ամենամեծ բաժինը հասել է աչքի վիրահատություններին»։

Բայց նույն ծրագրի ցուցանիշերն արդեն առողջապահության նախարարությունում փոքր-ինչ այլ պատկեր են ստանում, ինչից ներկայացվածի պայծառությունը կորչում է: «Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ մենք ամբողջ տարվա ընթացքում դեռ միամսյակից գոյացած խնդիրներ էինք լուծում: Շատ հերթագրվածներ այդպես էլ չէին վիրահատվել»,- ասում է նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են, որ անցյալ տարի նույն անվճար ակցիայի շրջանակներում բժիշկները գումար են պահանջել,  Կամսար Բաբինյանը հորդորեց նման դեպքերում անպայման զանգահարել քաղաքապետարանի «թեժ գծին»:

Ծրագրի պատասխանատուն խոստացավ  անձամբ գնալ բողոքի հետքերով: Իսկ քաղաքացիները, իրոք, հաճախ են դիմում իրենց բողոքներով, բայց շատ հաճախ որպես խնդրի հասցեատեր ընտրելով առողջապահության նախարարությանը` որպես ոլորտային հարցերի պատասխանատուի:

«Մենք այդ ծրագրի եւ այդ ծրագրի առաջ բերած հարցերի պատասխանատուն չենք»,- շեշտում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: «Մենք անվճար վիրահատություններ չենք խոստացել»,-ասում է Ծաղիկ Վարդանյանն ու մանրամասնում` Երեւանի քաղաքապետարանն օրենքով որոշ իրավասություններ ունի նման ծրագրեր անելու, բայց թե ինչ մեխանիզմով, ինչ գումարով է այս ակցիան անում, նրա համար հարց է:

Ստացվում է, որ խոստացվածն ու հայտարարվածն իրականությունից փոքր-ինչ հեռու են, իսկ իրականացվածը` իրարամերժ ցուցանիշերով:

Կարդացեք նաև

Back to top button