

Այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է աշխարհի ամենահեղինակավոր օջախներից մեկի ՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչներին: Վերջիններս առաջին անգամ են այցելում Հայաստան: Այցի շրջանակներում օտարերկրացի հյուրերը եղել են Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ էլ քննարկվել է «Մետրոպոլիտենում» 2017 թվականին Հայաստանին վերաբերող ցուցահանդեսների հնարավոր կազմակերպումը:
Թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆտ Մանը լրագրողների հետ զրույւցում նշել է, որ կուսումնասիրեն հայկական թանգրաններն ու կքննարկեն եւ կհամեմատեն հայկական , պարսկական ու թուրքական մշակույթների տարբերություններն ու առանձնահատկությունները:
Իսկ թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն էլ նշել է, որ շարունակվում են իրենց շրջագայությունները հայկական պատմամշակութային վայրեր:
Վաղն այցելելու են Գառնիի հեթանոսական տաճար ու Էջմիածին: Հելեն Էվանսը ուրախությամբ նշեց, որ ծանոթ է Կոմիտասի երաժշտությանն ու խազագրությանը: «Վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ մոտ եղել են մի քանի համերգներ՝ նվիված Կոմիտասին և մենք շատ ենք սիրում ու երկրպագում վարդապետին»,- ասաց նա։
Այսօր Կոմիտասի թանգարան- ինստիտուտում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգով տրվել է դասական երաժշտության համերգաշարի մեկնարկը, որին ներկա են եղել նաև օտարերկրացի հյուրերը։




