

Հայաստանի գլխավոր դրամատան եւ օրենսդիր մարմնի կողմից անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում թե հայաստանյան բանկերը, թե քաղաքացիները նոր խնդիրների առջեւ կհատնվեն, այսօր լրագրողներին իր մտահոգությունն է փոխանցել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա վստահ է՝ դոլարով վարկերը փոխարժեքի կտրուկ փոփոխություններից հետո զգալիորեն ծանրացել են վարկառուների ուսերին։ Վճարունակությունն ընկել է: Դա նախ կարող է բերել ռիսկային վարկերի ավելացմանը, ապա՝ բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների բարձրացման։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր հանդես եկավ իր նոր մտահոգությամբ. հայաստանյան բանկերն իրենց առջեւ ծառացած խնդիրները լուծելու նպատակով հնարավոր է գնան վարկերի տոկոսադրույքների բարձրացման: Դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումները միայն գնաճի չէ, որ հանգեցրին: Կտրուկ ծանրացավ նաեւ Հայաստանի արտաքին պարտքի բեռը:
Բանկերն միանգամից անցել են առավել զգուշավոր վարքագծի՝ գրեթե ամբողջությամբ կրճատելով դրամով վարկերի տրամադրումը: Վիլեն Խաչատրյանը բացատրում է բանկերի՝ դրամային վարկ չտրամադրելու գործելաոճը. որպեսզի մարդիկ չկարողանան դրամը դոլարի վերածել։
Բայց հարցն այլ կողմ էլ ունի: Դոլար գնելու մրցավազքը շարունակվում է, քանի որ մարդիկ ընկած դոլար են ման գալիս, որ գնեն, դոլարային վարկերը մարեն։
Տնտեսագետն իր հորդորն է փոխանցում պատկան մարմիններին: Նա առաջարկում է բոլոր վարկերը դրամային դարձնել, եթե անգամ բանկը դրանից կորուստ ունենա: Թող այդ կորուստը մասամբ սուբսիդավորի պետությունը: «Միայն այդպես մեր տնտեսությունը կհանգստանա»,-վստահ է Խաչատրյանը:
Նա բերում է Ռուսաստանի օրինակը: Դոլարային բոլոր վարկերն այնտեղ վերածվել են ռուբլով վարկերի: Մեր երկրում նույնը չձեռնարկելու դեպքում բացասական զարգացումներից չենք խուսափի. ռիսկային վարկերը կշատանան, քանի որ մարդիկ փոխարժեքի կտրուկ փոփոխությունների հետեւանքով թանկացած իրենց վարկերը կդժվարանան մարել: Հենց սրա հաշվին կարող է դիտվել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսային աճ, իր կանխատեսումն է փոխանցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Տնտեսագետը խոսեց նաեւ բանկերի խոշորացման մասին: «Այս գործընթացը տանելու է ավելի շուտ փոքր բանկերի կլանման, այլ ոչ թե խոշորացման։ Ամենայն հավանականությամբ՝ որոշ բանկեր ուղղակի կփակվեն, աշխատակիցների կրճատում կլինի, մրցակցությունը կպակասի։ Այնպես որ՝ այդ առումով էլ դրական սպասելիքներ տնտեսագետը պարզապես չունի:




