

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաք- մամուլի ասուլիսում հայտարարեց, որ անկախ ամեն ինչից, իրենք շարունակելու են պայքարը, «կապ չունի՝ Գագիկ Ծառուկյանն է հետ կանգնում, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ է անում»։
«Այն հաշտեցումը, որի մասին վերջերս իմացանք, դա քաղաքական լեգիտիմությունից դուրս է, քաղաքական իրավակարգությունից դուրս է: Այսօր շատ կուզենայինք տեսնել մեր կողքին պարոն Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչու չէ` Դաշնակցությանը, Սեֆիլյանին, Փաշինյանին, ազատամարտիկներին: Եթե բոլորս միասին լինեինք՝ կլիներ նոր Հայաստան, բայց ինչ-որ մեկը չուզեց դա»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «անցած կիրակի Եռյակ կոչվողը կոնսենսուս որոշում ունեցավ, առաջին անգամ իրար աչքերի մեջ նայեցինք, ձեռք սեղմեցինք ու ասեցինք,որ ժողովուրդը պահանջում է միասնություն: Ուղղակի հրաշք էր: «Ժառանգությունը» մեկ տարի տարել է այս պայքարը, որ սխալները ուղղենք ու ժողովուրդը իր հաղթանակը տոնի: Բայց այսօվա դրությամբ Եռյակ գոյություն չունի: Եվ «Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից, այլ գործընկերները իրենք են որոշել դուրս գալ եռյակից»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասաց, որ հաջորդ ուրբաթ օրը հերթական ասուլիս-հանդիպումը կանցկացնի Ազատության հրապարակում: Հարցին, թե մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելո՞ւ է, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ թեև եղել են լարված հարաբերություններ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, բայց խնդիր չի եղել, միշտ մասնակցել են: Այս մարտի մեկին էլ կցանկանային մասնակցել, սակայն «Ժառանգությունը» որոշել է, որ գնալու է սահմանամերձ Չինարի: «Եթե որևէ մեկը կա, ով մարտի 2-ին կամ 5-ին ուզում է միացյալ պայքար տանել, պատրաստ ենք, բայց մենք այս խաղն այլևս չենք խաղում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն չեղյալ համարեց նախապես հայտարարված փետրվարի 20-ի հանրահավաքը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց անկացնել այն։ ԲՀԿ- ի այդ որոշման մասին «Ժառանգության» առաջնորդը տեղեկացել էր մամուլի ասուլիսում եւ նշել, թե ինքը, միևնույն է՝ այդ օր գնալու է Ազատության հրապարակ՝ հանրահավաքի:




