Տնտեսական

Գագիկ Մակարյան. Միակ ելքը՝ միկրոբիզնեսին պետք է թողնել հանգիստ

lianaeghiazaryan

Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները զարգացման խիստ սուղ հնարավորություններ ունեն: «Սրա հետ մեկտեղ ՀՀ շուկան է շատ փոքր, դրանք էլ մրցունակ չեն միջազգային շուկա դուրս գալու համար, ուստի ստիպված են «յոլա» գնալ ներքին շուկայում: ՓՄՁ-ն չի նպաստում ոչ աշխատատեղերի ստեղծմանը, ոչ էլ աղքատության կրճատմանը »,- ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Այդ ձեռնարկությունների վճարողունակությունը ցածր է, ուստի իրենք իրենց բիզնեսը պահպանելու համար դիմում են այլ միջոցների: Եվ չենք կարող չխոսել կոռուպցիայի մասին»,-հավելել է Մակարյանը։

Հայաստանն ընդունել է ՓՄՁ-ների դաշտի կարգավորման արևմտյան չափորոշիչները, բայց իրականում մեր տեղական ձեռնարկությունները թե արտադրողականությամբ, թե զբաղվածության խթանմանը նպաստելու անկարողությամբ, թե աշխատողների թվով հեռու են այդ չափորոշիչներից: Դիտարկումը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանինն է։

Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը ոչ նորարարական է, ոչ էլ արտադրողական: Դրանք, տարված ամենատարաբնույթ խնդիրներով, իրենց արդիականացմամբ ակնհայտորեն չեն զբաղվել ու մնացել են հին մակարդակի: Այլ երկրների նմանատիպ ձեռնարկությունների արտադրողականությունն առնվազն 15 անգամ տարբերվում է, շեշտում է Մակարյանը:

Կառավարությունը, այո, պարտավոր է լուծել փոքր ու միջին ձեռնարկությունների խնդիրները: Այդ նպատակով ընդունում է օրենքներ, որոնք կարող են եւ խթանել ՓՄՁ զարգացումը, բայց խնդիրն այն է, որ այդ փոփոխությունները կտոր-կտոր են արվում, միմյանց հետ չկապակցված, առանց համագործակցության շղթայի:

«Մեզ մոտ ինդուստրիալ սխեման չի ձևավորվում: Սա նման է նրան, որ մենք տափաստանում փոքր օազիսներ ենք ստեղծում, և մեզ թվում է, թե արդեն գրավել ենք ողջ տափաստանը»,- ասում է Մակարյանը:

Ո՞րն է ելքը. միկրոբիզնեսին պետք է հանգիստ թողնել. հայտարարում է Հայաստանի   գործատուների միության նախագահը։

Իսկ արդյո՞ք կառավարությունը թողնում է ՓՄՁ-ներին հանգիստ: Գագիկ Մակարյանն անդրադառնում է աղմկահարույց «Շրջանառության հարկի մասին» օրենքին: Փոքր եւ միջին ձեռնարկություևնների համար «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքն ուղղակի մահ է նշանակում, ավելի վաղ հայտարարել էր Գործատուների միության նախագահը:

«ՓՄՁ-ների միջոցով ցանկանում ենք լուծել խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերելու հարցը, իսկ դա սխալ է, կուժն ու կուլան կոտրվում է հենց ՓՄՁ-ների վրա: Այստեղ ՓՄՁ-ն միայն մի տարբերակ ունի՝ փոխել ոլորտը, բայց ինչո՞վ զբաղվել, երբ պետությունը ոչ մի հնարավորություն քեզ չի տալիս»,- ասում է նա:

«Խոշորներին կարելի է այլ ձևով հսկել, փոքր ու միջինին հանգիստ թողնել»,- կրկնում եւ շեշտում է Գագիկ Մակարյանը: Շրջանառության հարկն, այո, պետք է նվազեցնել մինեւ 1 տոկոսի, սակայն դիմացը փաստաթղթավորում չպահանջել:

ՌԴ տնտեսական խնդիրները, միջազգային վերադասավորումները մեզ մոտ առաջ բերեցին գործազրկության աճ. արձանագրում է Գագիկ Մակարյանը: Վերջին տվյալներով՝ գործազրկությունը 1,7 տոկոսով ավելացել է` հասնելով 17,1-ի: Իրականում այդ ցուցանիշն ավելի բարձր է ու մտահոգիչ՝ հատկապես միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի համար զրոյական զարգացումների կանխատեսման համատեքստում:

«Կառավարությանը մնում է  էքսքլյուզիվ քայլեր կատարել»,- ասում է Գործատուների հանրապետական միության նախագահը: Իսկ մինչ դրանց կատարումը՝ Հայաստանի շատ փոքր շուկայում գործող փոքր և միջին ձեռնարկությունները շարունակում են մնալ անմրցունակ ու անկարող նպաստելու զբաղվածության խթանմանը եւ նվազեցնելու գործազրկությունը։

Back to top button