Տնտեսական

Զբոսաշրջության ոլորտում տասը տոկոսի աճ է ակնկալվում

hasmikdilanyan
Գործարար միջավայրի բարելավում,  ֆինանսական հատկացումներ տարբեր գերատեսչությունների, տեղական արտադրանքի խրախուսում, նոր տեխնոլոգիական պարկերի նախագծերի հաստատում: Կառավարության նիստի օրակարգում այսօր ընդգրկված են եղել երեք տասնյակից ավելի հարցեր: Կառավարությունը քննարկել է «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացումը) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Գործադիրը նպատակահարմար չի համարել սույն օրինագծի քննարկումը և ընդունումը : Պատգամավորների օրենսդրական մեկ այլ նախաձեռնության դեմ կառավարությունը, սակայն, առարկություններ չի ունեցել: ԱԺ մեկ  խումբ պատգամավորներ հանդես են եկել  օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությանն առաջարկել  ընդլայնել Մխիթար Գոշի մեդալով  պարգևատրվող անձանց շրջանակը՝ ներառելով օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում:

 

601 մլն դրամ ՀՀ-ում արդյունաբերության զարգացման համար:  Գումարով արտահանումը  կդիվերսիֆիկացվի,  տեղական արտադրանքին հնարավորություն կտրվի   նոր շուկաներ մուտք  գործել:   Գործադիրը հաստատեց  «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը»: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ,  «Արտահանման քաղաքականության մեջ  պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել  արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, ուշադրության է արժանանալու վերամշակող արտադրությունը»:

Հայաստանի կառավարությունն այս տարի ակնկալիքներ  ունի նաև  զբոսաշրջությունից: Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015 թվականի ծրագիրը նույնպես հաստատված է՝ իրականացման համար կներդրվի  188 մլն դրամ: Այս տարին առավել հատկանշական է: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան. «Քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու: Այս առումով, զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն: Նրանց աջակցության, որակավորման հարցում առավել կանոնակարգված և համակարգված աշխատանք է տարվելու»:

Նախարարի փոխանցմամբ,  2014 թվականին ՀՀ-ում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ: Համեմատության համար Ճշմարիտյանը նշեց, որ հարևան Վրաստանում աճը եղել է 7 տոկոս: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոն 200 հազարը, միջազգային այցելությունների մասով նույնպես աճ է գրանցվել: Այս տարի ոլորտում տասը տոկոսի աճ է ակնկալվում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը.«Կարծում եմ, որ կա հիմանվորում, չէ՞, տարվա վերջին հիշեցնելու եմ, եթե ամեն ինչ լավ լինի»:

 

Գյումրիից հետո  նմանատիպ  տեխնոլոգիական պարկ կբացվի նաև Վանաձորում, իսկ արդեն հաջորդ տարի՝ Կապանում: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված երկու նախագիծ ևս հաստատվեց : Առաջարկները նախապատրաստվել էր  «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը»:

Նախ, հաստատվեց «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար տրվող արտոնագիրը վերացնել և փոխարինել մեր երկրում առաջին անգամ կիրառվող ծանուցման գործընթացով:Դրա շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների ծախսը կնվազի ավելի քան 80 տոկոսով:

Կառավարությունը հաստատեց  նաև «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում կբարելավվեն գործարարության ծավալման պայմանները, կկրճատվի տնտեսվարող սուբյեկտների ծախսը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց  Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին ղեկավար Արմեն Եղիազարյանին. «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ղեկավարությանը շարունակել բիզնեսի համար դյուրին պայմաններ  ստեղծելու  գործընթացը, որպեսզի հնարավորինս կրճատվեն բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը»:

 

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը նույնպես հաստատվեց,  որով առաջարկվում է ջերմոցային կառուցվածքների, տնկանյութի և այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ԱԱՀ-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to top button