

Ինչ ընթացք են ստացել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» որոշման շուրջ քննարկումները, ինչ հակափաստարկներ են շարունակում ներկայացվել կառավարության ծրագրին, ինչու, որքան ժամանակով հետաձգվեց երկաթով եւ ֆոլաթթվով ալյուրի հարստացումը, եւ ինչ է առաջարկվում փոխել որոշման մեջ:
Վերջին շրջանում մամուլի հրապարակումները ալյուրի հարստացման թեմայի շուրջ բաժանվել են երկու մասի՝ ծայրահեղ դրսեւորումներ ստանալով: Առողջապահության նախարարությունն իր որոշումը հիմնավորում է հետեւյալ կերպ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կանխարգելել Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների, մասնավորապես երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների և կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման և իմունային մեխանիզմների խաթարման, կանանց շուրջծննդաբերական բարդությունների, բնածին արատների, մեծահասակների ֆիզիկական աշխատունակության վատթարացման, սրտանոթային հիվանդացության ու մահացության և այլ անբարենպաստ երևույթների առաջացումը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարում է՝ այս հարցով հետազոտություններ էլ կան, թվեր էլ: Ըստ այդմ՝ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունությունը կազմում է 37% , իսկ կանանց շրջանում 25%: Գոյություն ունի վիտամինների և միկրոտարրերի անբավարարության հաղթահարման երկու հիմնական եղանակ` վիտամինահանքանյութային հավելումների օգտագործում և սննդամթերքի համընդհանուր հարստացում: Ալյուրի հարստացման արդյունքում ալյուրի մեջ գործնականում վերականգնվում է վիտամինների և հանքանյութերի այն քանակությունը, որը ցորենի աղալու ընթացքում կորչում է:
Առողջապահության նախարարության որոշումը միանգամից տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Միանգամից թեւ առան տարատեսակ հարցեր՝ մեր առողջապահության նախարարութան փորձագետները ե՞րբ եւ որտե՞ղ են որեւէ հետազոտություն արել, որ հիմա էլ եկել են այն եզրակացության, թե մեր հացը պետք է հարստացնեն անհայտ ինչ-որ էլեմենտներով: Ինչո՞վ է պայմանավորված այս անհարկի շտապողականությունը: Որտե՞ղ են երբեւէ հրապարակվել նմանօրինակ ուսումնասիրությունների արդյունքները, եթե այդպիսիք գոյություն ունեն: Եւ ամենատարօրինակն այն է, որ չի որոշվել դա կիրառել որոշակի տեսակի ալյուրի նկատմամբ, այլ համատարած, ինչն էլ քաղաքացուն ընտրության հնարավորություն չի տալիս:
Սրան հետեւեցին նաեւ սեփական աղբյուրներին հղում անող հրապարակումները՝ կառավարությունը մինչ որոշման մասին իրազեկելն արդեն այդ մասին պայմանավորվածություններ է ամրագրել ՅՈւնԵՍԿՕ-ի հետ՝ այլուրի հարստացման համար անհրաժեշտ տարրերը նախ ստանալու անվճար որոշ խմբաքանակով, ապա՝ վճարովի: Այս լուրերին իր տեղեկություններն է ավելացնում նաեւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ու հայտարարում՝ անհրաժեշտն անհրաժեշտ է, բայց միայն հիվանդներին:
Առողջապահության նախարարությունը, որպես իր նախաձեռնության հիմնավորում, շեշտում է նաեւ՝ ալյուրի պարտադիր հարստացման ծրագրեր հաջողությամբ իրականացվում են 82 երկրում, նախկինում հաջողությամբ իրականացվել է նաեւ Խորհրդային Միությունում: Խաչիկ Ստամբոլցյանն էլ իր առանձնացրած երկրներն ունի, որոնց փորձը հակառակի մասին է վկայում:
Ի վերջո՝ բուռն քննարկումների առարկա դարձած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը մեկ տարով հետաձգվեց: Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկելուց հետո առաջարկվեց համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո միայն օրենքի նախագիծը ներկայացնել քառօրյա նիստում: Այս որոշման ընդդիմադիրները սրան ավելացնում են իրենց առաջարկները՝ քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալ:




