
Փափուկ բա՞րձ, թե՞ ընդառաջ քայլ՝ տնտեսվարողներին, կարծքիներն ու հնչող գնահատականները տարբեր են՝ միևնույն թեմայի՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ: Փաստը մեկն է՝ մինչև հուլիսի մեկը օրենքը հետաձգվել է, կառավարությունն էլ պատրաստ է լսել տնտեսվարողների առաջարկությունները: Այժմ պահն է, երբ ՓՄՁ ներկայացուցիչները քաղաքական տարբեր ուժերի ու ընդհանրապես մասնագետների աջակցության կարիքն ունեն: Նրանք պատրաստ են միանալ կառավարությանն ու ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն պետության օրենսդրական փաթեթ մշակել:
Կամավորության սկզբունքի ներդրում, հարկային տեսուչների մուտքի սահմանափակաում, տարեկան շրջանառության ծավալի մեծացում, առանձնակի մոտեցում ոսկու շուկայի աշխատակիցներին: Չորս խնդիր, որոնք ՓՄՁ ներկայացուցիչները բարձրացրել էին կառավարության առջև: Մեկ շաբաթվա ընթացքում տնտեսվարողները վարչապետի հետ երկու անգամ հանդիպեցին, նրանց բողոքի ակցիաներն անգամ կառավարության արտահերթ նիստի պատճառ դարձան, հարցը համարվեց անհետաձգելի:
Մինչ այդ, պարտադիր փաստաթղթավորման դրույթը կասեցվեց մինչև հուլիսի մեկը: Շատերի կողմից կառավարության այս քայլը «փափուկ բարձ» արտահայտությամբ որակվեց, քանի որ մեկ անգամ արդեն ժամկետը հետաձգվել էր: Անհերքելի է, որ ընդառաջ քայլ արվել է, տնտեսվարողներն էլ քննարկումներին մասնակցելու և առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն են ստացել: Նրանք այս հնարավորությունը գնահատում են, ավելին, նշում, եթե կան կուսակցություններ, որոնք ոչ թե PR-ի համար են, այլ՝ ինչ-որ բան փոխելու, պետք է օգնեն տնտեսվարողներին, նրանք այժմ ունեն մասնագետների աջակցության կարիքը:
Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը շարունակում է պնդել՝ կառավարությունը խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու համար չպետք է փոքրին օգտագործեն: Նա «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ իրենց պայքարը համեմատում է այն տարիների հետ, երբ մեր երկրում նոր էր ներդրվում ՀԴՄ-ները: Այդ ժամանակ կառավարությունն ընդառաջ գնաց, նրանց այսպես կոչված անցումային ժամանակ տրվեց:
Տնտեսվարողները միաձայն պնդում են՝ պատրաստ են միանալ կառավարությանն ու ոչ թե ընդդեմ , այլ՝ հանուն պետության օրենսդրական փաթեթ մշակել:





