Մշակույթ

Կոմիտասն արդեն ունի իր հասցեն Երեւանում

alisagevorgyan

«Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության և լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ: Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում: Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար»,– ասվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  կատարած գրառման մեջ: Նրա մասնակցությամբ Երևանում այսօր բացվել է  Կոմիտասի թանգարան ինստիտուտը: Նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը:

 

«Նա տվեց մեզ մեր ինքնաճանաչողության բանալին: Եկավ ասելու, որ մենք մենք ենք: Ամրագրեց  մեր ազգային հասցեն՝ հայության մայրաքաղաքում առ այսօր, սակայն, չունենալով սեփական հասցե, որտեղ ներկայացված կլիներ լիարժեքորեն: Իհարկե արդար չէր: Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու  առաջարկով 2013-ի մայիսին «Հայաստան»  համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նիստում հանդես եկավ հանրապետության նախագահը: Առաջարկն աջակցություն գտավ ու  համախմբեց շատերին: Մշակութային կարևորագույն այս օջախն այլևս իրողություն է: Հանրապետության նախագահի մասնակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգում այսօր բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

Նորաբաց թանգարանն ունի  համերգասրահ, մշտական ցուցադրություն և  ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը և հրատարակչությունը: Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև  բանահավաքչական  հարուստ ժառանգությունն ամփոփված են  թանգարանի  ութ սրահների մշտական ցուցադրության մեջ, որի հեղինակն ու համադրողը Վարդան Կարապետյանն է:

«Ոչ մի թանգարան միանգամից չի ստեղծվում: Դա երկար տարիների աշխատանք է: Կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ շենքի ճարտարապետությունը ծրագրերի հետագա  զարգացման հնարավություն տա»,-ասում է թանգարանի  նախագծի հեղինակ ու ճարտարապետ Արթուր Մեսչյանը ՝ միաժամանակ նկատելով՝ ճարտարապետության մասին շատ մի մտածեք, կարևորը շենքի ներքին բովանդակությունն է:

Իր նախագծած կառույցի մասին Արթուր Մեսչյանը շատ խոսել չի ցանկանում: Գնահատողը դուք եք, ասում է, բայց մի բան վստահորեն նշում է ՝ Կոմիտասի հանդեպ ազնիվ եմ եղել:

Կարդացեք նաև

Back to top button