Տնտեսական

Շարունակվում են տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաները

Այսօր Երևանի տոնավաճառների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները կառավարության շենքի առջև: Նրանք իրենց բողոքն են հայտնում փետրվարի 1-­ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքից: Դրանով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Առևտրականները ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցուցարարներին առաջարկել էր 10 հոգանոց խումբ ձեւավերել եւ հանդիպել իր հետ, սակայն վերջիններս մերժել էին նրա առաջարկը:

Ցուցարարներն այսօր պահանջում են ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի պաշտոնանկությունը։ Երեկ վերջինս հայտարարել է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխման ենթակա չէ։ Ցուցարարներն ասում են, որ մինչև փետրվար ամեն օր նույն պահանջով կլինեն Կառավարության շենքի մոտ։

Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-­ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1­-ը։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝ տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին՝ նրան հարկային դաշտ բերելու համար:

Back to top button