

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարումն Ադրբեջանի կողմից եւ տարածաշրջանում նոր իրողություն ստեղծելու նրա փորձերը կանխատեսելի էին: Այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը դրա համար մոտ 30 պատճառ ունի, սակայն, վերլուծաբանը դրանցից երեքն է հիմնականը համարում: Առաջինը՝ կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ այդ շրջանակներում թուրք-ադրբեջանական գործակցության հետ:
«Ակնհայտ է, որ պայմանավորվածություն կա երկու երկրների միջեւ եւ համատեղ ջանքերով միջազգային հանրության ուշադրությունը շեղել: Իհարկե, լարվածությունը, որ ստեղծվել է սահմանին, բավական հարմար առիթ է միջազգային հանրության ուշադրությունը հենց այս հարցի վրա կենտրոնացնելու եւ Ցեղասպանության խնդիրը որպես քաղաքական գործոն Հարավային Կովկասում երկրորդ պլան մղելու համար»:
Երկրորդ գլխավոր պատճատն էլ, ըստ վերլուծաբանի, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն է: Հունվարի մեկից տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել եւ փաստացի տարածաշրջանի երկրներից մեկը դարձել է ԵՏՄ անդամ: Ադրբեջանում լավ հասկանում են, որ ԵՏՄ-ի լիարժեք գործելուց հետո, երբ ադեկվատ լինի արձագանքելու բոլոր մարտահրավերներին, բավականին լուրջ գործոն է դառնալու Հայաստանի համար: Սակայն, քանի դեռ ԵՏՄ-ն գտնվում է խմորումների փուլում եւ դեռ չի կարող հստակ պաշտպանել իր տնտեսական շահերը եւ արձագանքել դրանց ուղղված բոլոր տիպի մարտահրավերներին ու սպառնալիքներին, Ադրբեջանը փորձում է միջազգային ընկալումների մակարդակում սովորական դարձնել փաստը, որ ԵՏՄ անդամ երկիրը կարող է գտնվել պատերազմական իրավիճակում եւ նրա սահմանները կարող են մշտապես գնդակոծվել: Երրորդ պատճառն էլ, ըստ վերլուծաբանի, այն է, որ Ադրբեջանը արդեն երեք տարի է, ինչ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղություն վաճառողի դերում:
«Թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, շահագրգռված են տեսնելու կայուն եւ կանխատեսելի Հարավային Կովկաս: Ադրբեջանն էլ փորձում է ստիպել վճարել այդ խաղաղության համար: Այսինքն, ինչ-որ դիվիդենտներ քաղել իրավիճակը լարելով մինչեւ վտանգավորի աստիճան, այնուհետեւ՝ բանակցել ինչ-որ բան ստանալու ակնկալիքով»:
Ադրբեջանն այդ հնարավորություններն ունի, քանի դեռ չեն գործում միջազգային զսպման մեղանիզմները, բացի այդ՝ քանի դեռ ունի համոզմունք, թե հայկական կողմը նախահարձակ չի լինի՝ հավելեց վերլուծաբանը: Նա համոզված է, որ այստեղ Ադրբեջանը խիստ սխալվում է, քանի որ չի բացառվում, որ հայկական կողմը կարող է նախահարձակ լինել եւ այդ մասին արդեն հնչել են հայտարարություններ:




