Հասարակություն

ԵՏՄ-ն սննդամթերքի արտադրության եւ արտահանման նոր՝ ավելի խիստ պահանջներ է սահմանել

lianaeghiazaryan
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերջին հաղորդագրությունը տագնապային տրամադրություններ է ստեղծել հայաստանյան տնտեսվարողների շրջանում: Խոսքն այն հայտարարության մասին է, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետեւանքներ: Արդյոք այս կարգը ենթադրում է նոր սահմանափակումներ ու խստացումներ արտահանողների համար:

 

Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված՝ հունվարի 2-ից ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք առնչվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշերին, նաև տնտեսվարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օրեր առաջ հանդես եկավ հայտարարությամբ ու զգուշացմամբ՝ հետայսու Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքատեսակներ արտադրող, վերամշակող և պահեստավորող միայն այն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք գրանցված են ԵՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի երրորդ երկրների ռեեստրում, այլապես հնարավոր են իրավական հետեւանքներ: Ինչ է ենթադրում այս փոփոխությունը: Թեմայի շուրջ զրուցակիցս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն է:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալը շեշտում է՝ անվտանգության նոր չափորոշիչները այժմ որոշ դեպքերում ավելի խիստ են, քան Եվրամիության տարածքում գործողներն են, քանի որ խոսքն արդեն ոչ թե հայաստանյան 3 մլն-անոց շուկայի մասին է, այլ 300 մլն-ից ավելի միութենական շուկայի: Արդյոք արդարացված են հայաստանյան տնտեսվարողների մտահոգությունները նոր սահմանափակումների, զգուշացվող իրավական հետեւանքների ու արտահանման համար ավելացված ծախսերի մասով: Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը բացատրում է՝  սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցներ մինչ այժմ էլ կիրառվել են, իսկ հետայսու ցուցանիշերի մի մասն ավելի է խստացվում: Վերը նշված սահմանափակումը չի տարածվում որեւէ երկրից ներկրման կամ որեւէ երկիր արտահանման վրա, եթե, իհարկե, էպիզոդիկ սրված վիճակներ չկան:

Նոր միության կազմում ներառված մեր երկիրն այսուհետ իր հետ գործակցող երկրները դասակարգում է այսպես՝ Եվրասիական տնտեսական միության անդամներ եւ այլ երկրներ, որոնք ԵՏՄ անդամ չեն ու համարվում են երրորդ երկրներ: Օրենսդրությունն արդեն նոր սահմանում է տալիս՝ երրորդ երկրներից ԵՏՄ անդամ երկրներ ներմուծում կատարելու համար պարտադիր է գրանցվել երրորդ երկրների ռեեստրում սահմանված կարգով: Ինչ է սա ենթադրում. հարց ուղղեցի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանին:

Հայրենի պետական պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում շեշտելու, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն արտահանման նոր հնարավորություն է նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Առաջին քայլը դեպի արտահանում պետք է արվի արդեն փաթեթավորման, արտադրության, մակնշման, անվտանգության տեխնիկական նոր կանոնակարգին համապատասխան: Դրա համար պարտադիր է սեփական արտադրանքը հանձնել լաբորատոր փորձաքննության: Թե որ լաբորատորիա, արտադրողն ինքը կարող է ընտրել, բայց դա պարտադիր պետք է լինի լաբորատորիաների միասնական ռեեստրից, որոնց տված եզրակացությունն ընդունում ու ճանաչում է ԵՏՄ-ն: Թե դա ինչ ծախսեր է ենթադրում, այս պահին միասնական գնահատական տալ դժվար է, բայց այնպես չէ, որ դրանք նոր ծախսեր են: Լաբորատոր փորձաքննությունն իր ծախսերով ու մյուս ընթացակարգերով պարտադիր է եղել նաեւ մինչ օրենսդրական վերջին փոփոխությունները:

Թեմային առնչվող հարցերի դեպքում կարելի է զանգահարել ԳՆ ՍԱՊԾ «թեժ գծի»-ն՝ 010 20 60 40 հեռախոսահամարով:

Եվ վերջում մի դիտարկում էլ: Այն, որ այսուհետ արտադրվող ու արտահանվող սննդամթերքն անվտանգության ավելի խիստ պահանջների պետք է ենթարկվի, չի խոսում արդյոք այն մասին, որ մինչ այժմ հայ սպառողին մատակարարվել է ավելի ցածր որակի մթերք: Դիտարկման հետ Լուսինե Դավթյանը համաձայն չէ:

Կարդացեք նաև

Back to top button