ԿարևորՄիջազգային

Ինչու է Թրամփը խոսում ԱՄՆ ընտրական համակարգից՝ Կոնգրեսի ընտրություններից չորս ամիս առաջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականից Չինաստանին հասանելի են եղել ամերիկացի ընտրողների 220 միլիոն տվյալները։ «Չինաստանի կառավարությունը ցանկանում էր, որ ԱՄՆ-ի նախագահը՝ Դոնալդ Թրամփը, պարտվի հաջորդ ընտրություններում», — ասել է նա։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան հատուկ ծառայություններում գործող «խորքային պետության» ներկայացուցիչները թաքցրել են Չինաստանի միջամտության վերաբերյալ տեղեկությունները։ Նա կոչ է արել Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ), Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) եւ Արդարադատության նախարարությանը հետաքննել հարցը։

«Մեր երկրին հսկայական վնաս է հասցվել։ Մեր ընտրությունները դարձել են կեղծիքների եւ գողության նկատմամբ խոցելի, իսկ ամերիկացի ժողովրդի վստահությունը կորել է։ Այդպես շարունակվել չի կարող», — հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ խնդիրը կլուծի իր առաջարկած Save America Act օրինագծի ընդունումը, որը պարտավորեցնում է ընտրողներին ընտրատեղամասերում ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ։ Հանրապետականներն առայժմ բավարար ձայներ չունեն օրինագիծը Կոնգրեսում ընդունելու համար։

Իր պնդումները հիմնավորելու նպատակով Թրամփը գաղտնազերծել է մի շարք փաստաթղթեր, սակայն, The New York Times-ի տեղեկություններով, դրանք չեն պարունակում ընտրական համակարգի խոցելիությունների կամ ընտրություններին միջամտության վերաբերյալ էական նոր տեղեկություններ։ Չինաստանը մերժել է Թրամփի մեղադրանքները։

CNN-ը ենթադրել է, որ Թրամփի ելույթը փորձ էր նախապատրաստելու քաղաքական դաշտը 2026 թվականի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ, որոնք, ըստ հեռուստաալիքի, ամենայն հավանականությամբ հեշտ չեն լինելու Հանրապետական կուսակցության համար։ «Թվում է, թե նա ակնարկել է, որ կրկին, ինչպես 2020 թվականին, կպնդի, թե ընտրությունները կեղծվել են»,- նշում է CNN-ը։

Կարդացեք նաև

Back to top button