
Իրանի Բանդար-Խամիր քաղաքում գտնվող կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետեւանքով զոհվել է յոթ մարզ, եւս ինը վիրավորվել է, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Հորմոզգանի բժշկական գիտությունների համալսարանին։
Այս գիշեր ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Բանդար-Խամիրի կամուրջներին, որոնցից մեկը կապում է Բանդար Աբբասը եւ Ֆարս նահանգի Լար քաղաքը։ Հարվածը հասցվել է տրանսպորտի երթեւեկության ժամանակ, ինչի հետեւանքով մարդկանց մի մասը ընկել է կամրջից։
ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը` CENTCOM- ը, հայտարարել է Իրանում թիրախների դեմ հարվածների հերթական ալիքի ավարտի մասին։ Հարձակման ընթացքում կիրառվել են կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական նավեր։ Հրամանատարության տվյալներով՝ ոչնչացվել են իրանական ռազմական զինամթերք, առափնյա դիտարկման օբյեկտներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր։
CENTCOM-ը նաեւ հայտնել է, որ ամերիկացի զինծառայողները Օմանի ծոցում բարձրացել են Wen Yao նավթատարի վրա՝ այն ստուգելու նպատակով։ Նավը 2024 թվականից գտնվում է պատժամիջոցների տակ՝ իրանական նավթի փոխադրման եւ Իրանի ազգային նավթային ընկերությանը աջակցելու համար։
CENTCOM-ի X-ի էջում նշվում է, որ Wen Yao-ից բացի, ամերիկացի զինվորականները բարձրացել են նաեւ մեկ այլ նավի վրա, որի անունը չի տրվում։
ԱՄՆ- ը Իրանի նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ից։




