ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կանայք պասիվ են ՏԻՄ ընտրություններում. իրազեկման արշավները կարող են փոխել իրավիճակը

Տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու համար Արմավիրի զարգացման կենտրոնն ու «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոնը Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում իրազեկման  հանդիպումներ են անցկացնում կանանց հետ: Ներկայացնում են Տեղական ինքնակառավարման մասին օրենքը, ընտրություններին առաջադրվելու կարգը:

Այս աշնանը 10 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական  ընտրություններ են լինելու։  Քաղաքացիները ընտրելու են ավագանի, որի կազմից էլ ընտրվելու է համայնքի ղեկավարը: Թեև օրենսդրորեն կարգավորված է ընտրացուցակներում  իգական սեռի ներգրավվածության խնդիրը, այնուամենայնիվ մարզերում կանայք դժվարությամբ են թեկնածություն առաջադրում: Ոգեշնչման կարիք ունեն՝ կարծում է Արմավիրի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Առաքելյանը:

«Փորձելու ենք 4 մարզում իրականացնել մոտիվացիոն քարոզարշավներ, այսինքն՝ հանդիպել կանանց հետ, տալ գիտելիքներ տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրությունների ու լիդերության մասին, որպեսզի նրանցից ոմանք փորձեն նաև քաղաքական կուսակցությունների ցուցակներով առաջնորդվել ու առաջադրվել»:

Կուսակցությունների ընտրական ցուցակներում, ըստ օրենքի,  յուրաքանչյուր 3-րդ թեկնածուն պետք է իգական սեռի լինի, քանի որ հիմնականում տղամարդիկ են առաջադրվում: Արմավիրի մարզի 6 համայնքում կին ղեկավար չկա, իսկ 92 բնակավայրերի վարչական ղեկավարներից միայն 6-ն են կանայք: ՄԱԿ-ի զարգացման «Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագրի փորձագետ Անի Թովմասյանի կարծիքով՝  իրազեկման պակասի պատճառով է, որ կանայք չեն առաջադրվում:

«Ամենասկզբում, ոնց որ իրենց այդ դերում չեն պատկերացնում: Մոտիվացիոն հանդիպումների նպատակը հենց դա է, որպեսզի իրենց մեջ արթնացնեն այդ ձգտումը, հավատն իրենց ուժերի նկատմամբ, որ իրենք ևս կարող են առաջադրվել: Ամեն հանդիպման վերջում առնվազն 2-3 հոգու մեջ տեսնում ենք այդ փոփոխությունը»: 

Հացիկ գյուղի բնակիչ 22-ամյա Աննա Ավագյանը իր բնակավայրում հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով: Ցանկանում է, որ գյուղում երիտասարդական կենտրոն ստեղծվի: Ավագանու առաջիկա ընտրություններում շատերը հենց նրան են տեսնում թեկնածուների ցուցակում: Աննան դեռ չի կողմնրոշվել, բայց ասում է՝ ակտիվ կլինի:

«Ծրագրերն իրականացնում եմ Հացիկում, մասնակցում եմ նաև դասընթացներին, հետագայում հնարավորություն ենք ունենալու բարձրաձայնելու խնդիրներն ու  ՏԻՄ-երից գտնելու աջակցման տարբերակներ: Կարծում եմ՝ իմ իրազեկվածությունը կնպաստի, կխթանի երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը ՏԻՄ ընտրություններում»:   

ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակներում պահպանվում է օրենսդրական պահանջը և կանայք առաջադրվում են։  Սակայն գրանցումից հետո ինքնաբացարկ են հայտնում: Լիլիթ Աֆրիկյանը Մեծամորի ավագանու անդամ է 2021թ-ից: Առաջադրվել է ՔՊ կուսակցության ցուցակով: Լիլիթնա առաջարկում է սեռերի 50 տոկոսանոց համամասնություն ապահովել ընտրացուցակներում:

«Կանանց ներգրավվածությունը մեծացնելու նպատակով ընտրացուցակներում ոչ թե յուրաքանյուր 3-րդը լինի հակառակ սեռի ներկայացուցիչ, այլ յուրաքանչյուր երկրորդը, իսկ  ինքնաբացարկի պարագայում անպայման փոխարինվի նույն սեռով: Դա պարտադիր լինի և ոչ թե  ինքնաբացարկ հայտարարեն ու կանանց ներգրավվածությունը քիչ լինի»:    

ՄԱԿ-ի զարգացման «Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագիրը կարևորում է ազգային փոքրամասնություն ներկայացնող և Արցախից տեղահանված կանանց  մասնակցությունն ու առաջադրումը ՏԻՄ ընտրություններում:

ԱԶԿ կենտրոնի տնօրեն Նաիրա Աառաքելյան.

«Առաջնահերթություններից է ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց ներգրավել բոլոր համայնքային գործընթացներում, զգան, որ իրենք էլ են համայնքի մաս կազմում: Եթե ունեն ՀՀ քաղաքացիություն, ապա կարող են առաջադրվել համայնքի ավագանու թեկնածու»:

Արցախցիները կարող են ընտրել ավագանի,եթե համայնքում ունենան առնվազն մեկ տարվա հաշվառում: Ազգային փոքրամասնությունների համայնքներում ՏԻՄ ընտրություններին թեկնածուներն առաջադրվում են մեծամասնական ընտրակարգով:

 «Դիմակայունություն բոլորի համար 2.0» ծրագիրն իրականացվում է  ՄԱԶԾ –ի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ։ Այն ֆինանսավորում է Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը:

Կարդացեք նաև

Back to top button