
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Հարթակում հրապարակվում են հարցազրույցներ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում առաջատար դերակատարում ունեցող երկրների քաղաքականություն մշակողների և պետական ոլորտի ղեկավարների հետ:
Նախարարը հարցազրույցում ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի նպատակն է ԱԲ-ն դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր խթան։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համատեղ զարգացնել ժամանակակից թվային ենթակառուցվածքները, ընդլայնել հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, խթանել ԱԲ գրագիտությունը և պատրաստել նոր սերնդի մասնագետներ։
Հարցազրույցի առանցքային ուղերձներից մեկը վերաբերում էր ԱԲ գրագիտությանը, որը, նախարարի գնահատմամբ, պետք է դառնա ազգային առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայությունը բավարար չէ․ անհրաժեշտ է, որպեսզի պետական ծառայողները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, կրթական համակարգի մասնակիցներն ու քաղաքացիները ձեռք բերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն կտան ԱԲ գործիքներն օգտագործել լիարժեք, արդյունավետ և պատասխանատու կերպով։
Անդրադառնալով պետական կառավարման ոլորտում ԱԲ կիրառման հնարավորություններին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն կարող է նպաստել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, խարդախությունների բացահայտմանը, ինչպես նաև տվյալահեն և առավել հիմնավորված որոշումների կայացմանը։
Միաժամանակ նախարարը կարևորել է ԱԲ կիրառման հետ կապված ռիսկերի կառավարումը՝ ընդգծելով, որ այդ տեխնոլոգիան կարող է մասշտաբավորել ոչ միայն արդյունավետությունը, այլև սխալները։ Նրա խոսքով՝ կողմնակալությունը, անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը, կիբեռանվտանգության մարտահրավերները, գեներացված բովանդակությունից չափազանց մեծ կախվածությունը և թափանցիկության պակասը կարող են բացասաբար անդրադառնալ հանրային վստահության վրա։ Այդ պատճառով պետական կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության համակարգում, անհրաժեշտ է ապահովել էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետվողականության և արդյունավետ վերահսկողության սկզբունքների պահպանումը։
Նախարարն ընդգծել է նաև, որ ԱԲ-ն պետք է ոչ թե փոխարինի մարդուն, այլ աջակցի նրան՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնելու գործում։ Նա կարևորել է նաև ԱԲ հնարավորությունների հավասար հասանելիության ապահովումը՝ նշելով, որ Հայաստանը զարգացնում է ամբողջական էկոհամակարգ, որը համադրում է համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, հասանելի հաշվողական ռեսուրսները, կրթությունը և լայն ներգրավվածությունը։
Խոսելով տեխնոլոգիաների ազդեցության մասին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է` ԱԲ-ն ոչ թե կսահմանափակի, այլ կընդլայնի մարդու ստեղծարար ներուժը։ Նրա խոսքով՝ թվային լուծումներն ու ավտոմատացումը մարդկանց հնարավորություն կտան ավելի քիչ ժամանակ հատկացնել առօրյա տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներին և ավելի շատ կենտրոնանալ ստեղծարարության, նորարարության, քննադատական մտածողության ու մարդկային դատողություն պահանջող որոշումների կայացման վրա։




