ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Վառելիքային խնդիրներ Ռուսաստանում․ ինչպե՞ս կարձագանքի հայկական շուկան

Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել բենզինի արտահանման նկատմամբ։ Հայաստանը Ռուսաստանից, ի թիվս այլ ապրանքների, նաև նավթամթերք է ներկրում։ Ոլորտի պատասխանատուները կարծում են, որ այդ սահմանափակումները Հայաստանի վրա էական ազդեցություն չեն ունենա, քանի որ երկրի էներգետիկ շուկան հնարավորինս դիվերսիֆիկացված է։ Բայց փորձագիտական դաշտում համոզված են, որ որոշ տնտեսվարողներ, այդունահդերձ, խնդիրներ կունենան։

Մոսկվան սահմանափակումներ է մտցել Ռուսաստանից բենզինի արտահանման նկատմամբ։ Մասնագետները սա բացատրում են այդ երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամով։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2025–ին Հայաստանը բենզին ներկրել է ՌԴ–ից, Եգիպտոսից, Ռումինայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Հունաստանից, վերջին շրջանում նաև՝ Ադրբեջանից։ 2025-ին 180 հզր տ դիզվառելիքից 150 հազարը Ռուսաստանից է ներկրվել։ Ինչպե՞ս կազդեն Ռուսաստանի վառելիքային խնդիրները Հայաստանի էներգետիկ շուկայի վրա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ Հայաստանում այս շուկան դիվերսիֆիկացված է․

«Դեռ, երբ իրանական ճգնաժամը առաջացավ, այդ ժամանակ աշխարհում բենզինի գները շատ երկրներում կրկնապատկվեցին , Հայաստանում էլ որոշակի աճ եղավ, Բայց դա 5– 10 տոկոսի շրջանակում էր։ Ինչո՞ւ այդպես եղավորովհետև մենք սկսել էինք ներմուծել մի երկրից, որտեղից մինչև այդ չէինք ներմուծում։ Հիմա այս փոփոխությունը շատ մեծ ազդեցություն կունենար մեր տնտեսության վրա, եթե մենք այդ աղբյուրը ստեղծած չլինեինք։ Քանի որ էս պայմաններում այդ աղբյուրը ստեղծել ենքես կարծում եմ, որ այդ աղբյուրից ներմուծման ծավալները պետք է ավելացնենք»։

Նոր աղբյուրը, ըստ էության, Ադբրեջանն է։ Օրերս պարզ դարձավ, որ այդ երկրից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 14 հզր տ դիզելային վառելիք և ավելի քան 4 հզր տ բենզին։

«Մեր գործողությունների ու խաղաղության պրոցեսի հետևանքով արդեն իսկ ամիսներ շարունակ մեր քաղաքացիները օգտվում են շատ ավելի մատչելի բենզինից, դիզվառելիքից, քան կարող էր լինել, եթե այդ հնարավորությունը չլիներ։ Հիմա դուք նկատո՞ւմ եք, որ այս պահին մենք չունենք դեֆիցիտի խնդիր, գների աճ էլըստ էության, չունենք»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանը նույնպես ընդգծում է՝ Հայաստանը նախկինում էլ ռուսական շուկայից կախվածություն չուներ․

«Կարծում եմ, որ մեծ փոփոխություններ չեն լինի, հատկապես, որ ապրիլից արդեն տնտեսվարողները որոշակի ազդակներ ստացել էին։ Դիզվառելիքի արտահանումը ՌԴ–ն ևս սահմանափակել էր, քանի որ ներքին շուկայում պահանջարկը մեծ է։ Այդուհանդերձ, հայկական շուկայում որոշակի տատանումներ կարող են լինել»։

Մասնագետը կարծում է, որ ոչ միայն կոնկրետ ապրանքատեսակի, այլև ընդհանրապես բոլոր շուկաները պետք է դիվերսիֆիկացվեն։ Կախվածությունը մեկ կետից՝ անկախ, թե որ երկիրն է այն, պետք է հնարավորինս թուլանա։

«Պարզապես պետք է նկատի ունենալ, որ ոչ միայն բենզինի կամ դիզելային վառելիքի, այլ ընդհանրապես, շուկայի դիվերսիֆիկացումը խիստ հրատապ է, և մի կետից, անկախ նրանից` դա կլինի Ռուսաստանը, թե այլ երկիր, մի կետից կախվածությունը բավականին խոցելի կդարձնի մեզ։ Հատկապես՝ այս խոշոր փոփոխությունների ֆոնին, որ տեղի են ունենում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։ Դրանից խուսափելու համար միանշանակ պետք է փնտրել այլ ուղիներ։ Իսկ կոնկրետ հիմա դա շատ մեծ փոփոխություն, կարծում եմ, բենզինի գնի առումով Հայաստանում չի հանգենցի։ Կոնկրետ տնտեսվարողների մասով կարող են խնդիրներ լինել, որ հիմնականում ներմուծում էին Ռուսաստանից, բայց ամբողջ  բենզինի շուկայում Հայաստանի մեծ փոփոխության չի հանգեցնի»։

Հայաստանի համար հատկապես ռումինական ու իրանական շուկաները կարող են ու պետք է կենսունակ լինեն բենզին ներմուծելու համար՝ ամփոփում է փորձագետը։

Կարդացեք նաև

Back to top button