
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչև այսօր բժշկական ծառայություններից օգտվել է 840 հազարից ավելի քաղաքացի, մատուցվել է շուրջ 8 մլն ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 մլրդ դրամ։
Ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլն անցել է սահուն՝ նշել է առողջապահության նախարարը՝ հավելելով, որ համակարգի շահառուների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դարձյալ հերքում է շրջանառվող այն պնդումը, թե առողջապահական պետական ծրագիրն ընտրություններից հետո կդադարի գործելուց։ Գերատեսչության ղեկավարն ընդգծում է, որ հենց այս մտահոգություններով պայմանավորված ընթացիկ տարվա մայիսին արձանագրվել է քաղաքացիների դիմելիության կտրուկ աճ․
«Մեր կողմից իրականացված միջոցառումների և կարողությունների ընդլայնման շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ու կառավարել դիմելիության այս մեծ հոսքը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր մարտահրավերները։ Նշեմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն արձանագրում ենք դիմելիության որոշակի կայունացում։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մայիսյան այդ վարքագիծն ինչ-որ առումով արհեստականորեն էր ուռճացված»։
Նախարարի խոսքով՝ 2027 թվականի հունվարի 1-ից ապահովագրական համակարգի պարտադիր բաղադրիչը կտարածվի նոր շահառուների վրա․
«Այդ նոր խմբերն են, քաղ իրավական պայմանագրերով աշխատողները, միանալու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, միանալու են արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները»։
Բացի դրանից՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկման ընթացքում նախատեսվում է դիտարկել շահառուների նոր խմբերի ընդգրկման հարցը՝ ասում է նախարարը՝ հիշեցնելով, որ 2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգ ներառել բոլոր քաղաքացիներին։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ընդարձակ բարեփոխումներն անխուսափելիորեն հանգեցնում են նաև գործառութային խնդիրների։ Ավանեսյանի փոխանցմամբ՝ համակարգի ներդրման մեկնարկային ամիսներին բուժաշխատողների համար նոր ընթացակարգերն անսովոր են եղել։ Անցումային շրջանում ժամանակ է պահանջվել ապահովագրական նոր պահանջներին ամբողջությամբ ադապտացվելու համար․
«Այս պահին արդեն աշխատավարձերի մասով բավարար աճ ենք արձանագրում։ Միայն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ առաջնային օղակում աշխատավարձերը միջինում աճել են 30-40 տոկոսով»։
Թեև համակարգի ներդրումը բերել է բուժաշխատողների եկամուտների ավելացման, բայց քաղաքացիները դեռևս բախվում են որոշակի խոչընդոտների։ Հաճախ դժգոհություններ են հնչում, թե որոշ բուժհաստատություններ հրաժարվում են ապահովագրական համակարգի շրջանակում ծառայություններ մատուցելուց։ «Ռադիոլուր»–ի հարցին, թե արդյոք կլինիկաներն իրավունք ունեն մերժելու քաղաքացիներին, Անահիտ Ավանեսյանը պատասխանում է․
«Ավանեսյան Արդյո՞ք կան հաստատություններ, որոնք դուրս են մնացել այս գործընթացից. այո՛, կան, բայց դրանք խիստ փոքրաթիվ են և ունեն նեղ մասնագիտացում։ Օրինակ՝ պլաստիկ վիրաբուժության կենտրոնները, որոնց աշխատանքի յուրահատկությունն ու ծավալները պարզապես չեն խաչվում մեր ապահովագրական փաթեթի հետ»։
Արդեն հրապարակված է այն կլինիկաների ցանկը, որոնք պաշտոնապես սպասարկում են ապահովագրության շրջանակում։ Ծրագիր ներգրավված որևէ բուժհաստատություն իրավունք չունի հրաժարվելու ծառայություն մատուցելուց՝ ասում է նախարարը։
Քաղաքացիները հաճախ են դժգոհում են նաև պոլիկլինիկաներում ուղեգրերի տրամադրման կարգից։ Առաջնային օղակում բուժառուին տրվում է միայն մեկ մասնագետի մեկանգամյա այցի ուղեգիր, ինչը ստիպում է նորից հերթ կանգնելու և հավելյալ ժամանակ ծախսելու։
«Ռադիոլուր»–ի հարցին, թե արդյոք նախարարությունը վերանայելու է այս մոտեցումը, Ավանեսյանը պատասխանում է.
«Այո՛, հիմա աշխատանքներ ենք տանում այդ պրոցեսների ամբողջ շղթան վերլուծելու և մոնիտորինգ անելու ուղղությամբ։ Մոտակա 1-2 ամսվա ընթացքում՝ մինչև սեպտեմբեր, կառաջարկենք նոր լուծումներ, որոնք գործընթացը կդարձնեն ավելի հարմարավետ և կթեթևացնեն պացիենտների հոսքերը։ Եթե հնարավոր լինի պարզեցնել ընթացակարգը, մենք անշուշտ կդիմենք այդ քայլին»։
Նախարարն անդրադարձավ նաև կալանավորված անձանց բուժօգնությանը՝ նշելով, որ այս ոլորտում ևս պայմանները զգալիորեն բարելավվել են։ Մասնավորապես՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն գործում է միջազգային ստանդարտները բավարարող 100 մահճակալ ունեցող բժշկական բաժանմունք։ Մյուս կալանավայրերում նորոգման և բժշկական սարքավորումներով վերազինման աշխատանքներ են ընթանում։




