
Իսրայելն ու Լիբանանը ուրբաթ՝ հունիսի 26-ին, Միացյալ Նահանգների միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ փաստաթղթի նպատակն է «երկու երկրների միջև երկարատև խաղաղության և անվտանգության հիմքեր ստեղծել»։ Իսրայելն ու Լիբանանը դիվանագիտական հարաբերություններ չունեն և 1948 թվականից պաշտոնապես գտնվում են պատերազմական վիճակում։
Axios-ը, հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ համաձայնագիրը նախատեսում է Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում Լիբանանի հարավում գտնվող երկու փոքր տարածքներից՝ Լիտանի գետից հյուսիս և հարավ։
Այդ տարածքների վերահսկողությունը որպես փորձնական ծրագիր կփոխանցվի Լիբանանի բանակին։ Ծրագրին կմասնակցեն նաև ամերիկացի զինվորականներ, որոնք կվերահսկեն, որ «Հեզբոլլահ» շարժման զինյալները չվերադառնան այդ տարածքներ։
Նեթանյահու. «Անվտանգության գոտին» պահպանվելու է
Համաձայնագրի ստորագրումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն լքի Լիբանանի հարավում ստեղծված «անվտանգության գոտին», մինչև «Հեզբոլլահը» չզինաթափվի և Իսրայելի համար սպառնալիքը չվերանա։
Համաձայնագիրը նա անվանել է «լուրջ հարված» Իրանի դիրքերին։
Լիբանանի իշխանություններն էլ համաձայնագիրն «առաջին քայլ» են համարել:
«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը պահանջել է իսրայելական զորքերի «անվերապահ» դուրսբերում Լիբանանի տարածքի «յուրաքանչյուր սանտիմետրից»։
Շարժումը ներկայացնող պատգամավոր Հասան Ֆադլալլահը հայտարարել է, որ Լիբանանի կառավարությունը չի կարողանա իրականացնել համաձայնագիրը՝ առանց երկրում «քաղաքացիական պատերազմի»։
Ակնկալվում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա 60 օրվա ընթացքում։




