ԿարևորՀասարակություն

Հունիսի 23-ից սկսվում է առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Հունիսի 23-ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են հայտագրել երեխաներին հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են Առաջին դասարանի հայտագրում տեսաուղեցույցում:

Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջով։

«Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս բոլոր ծնողներին՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում https://my.emis.am/ համակարգում, որպեսզի հայտագրման համակարգի բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել նախընտրելի դպրոցում:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չի լինելու միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել նույն երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button