
ՖԻԴԵ-ն՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան, հայտարարել է, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը կասեցվել է երեք տարով, կամ մինչև այն պահը, երբ ռուսական ֆեդերացիան կկատարի Մարզական արբիտրաժային դատարանի որոշումները։
Դատարանը մարտի 11-ին որոշել է, որ 90 օրվա ընթացքում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պետք է դադարեցնի միջոցառումների անցկացումը բռնակցված Ղրիմում և Ուկրաինայի օկուպացված շրջաններում։ Նախօրեին ՖԻԴԵ-ն ռուսական ֆեդերացիայից պաշտոնական նամակ է ստացել, որ որոշումը չի կատարվել։
ՖԻԴԵ-ն միաժամանակ նշել է, որ ռուսաստանցի առանձին շախմատիստներ կարող են շարունակել մասնակցել մրցումներին. մեծահասակները՝ միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո, իսկ պատանիները՝ Ռուսաստանի դրոշի ներքո։ Ռուսական հավաքականների՝ ՖԻԴԵ-ի չեզոք դրոշի ներքո մասնակցության հարցը կազմակերպությունը կքննարկի առանձին։
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տկաչովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ՖԻԴԵ-ի որոշումը չի ազդի ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում Ալեքսանդր Դվարկովիչի թեկնածությունը պաշտպանելու իրենց մոտեցման վրա։ Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Դվորկովիչը ՖԻԴԵ-ն ղեկավարում է 2018 թվականից։




