Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

Արտաքին միջամտություն, առճակատում, բաժանարար հռետորաբանություն. միջազգային դիտորդների հայտարարությունը

ԱԺ հունիսի 7-ին անցկացված ընտրությունների  նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են արտաքին ուղղակի ճնշումներ՝ առեւտրային սահմանափակումների սրման եւ անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին ազդել ընտրողների վրա, նշված է ԱԺ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական հայտարարության մեջ։

«Քարոզարշավը խիստ առճակատող բնույթ էր կրում՝ բաժանարար հռետորաբանությամբ, եւ ուղեկցվում էր ձայների գնման ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների եւ ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետեւանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվ մասնակցելուց»,- նշել են դիտորդները։

Նաեւ արձանագրել են, որ պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումները՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով, եւ վերջերս ներդրված սոցիալական ու տնտեսական միջոցառումները, մտահոգություններ են առաջացնում քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության վերաբերյալ։

«Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ձերբակալությունների եւ քրեական հետապնդումների կենտրոնացումը նպաստեց ընտրովի արդարադատության ընկալումների ձեւավորմանը, մինչդեռ բեւեռացված մեդիա միջավայրը, սադրիչ հռետորաբանությունը, ապատեղեկատվությունը, ինչպես նաեւ շարունակական արտաքին ճնշումներն ու միջամտությունը մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական կայունությանը եւ հանրային բանավեճի ամբողջականությանը»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ֆարահ Քարիմին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն փաստել է, որ «Հայաստանի ընտրություններն անցկացվել են առանձնահատուկ լարված աշխարհաքաղաքական պայմաններում՝ ուղեկցվելով արտաքին ուղղակի միջամտությամբ»։ Ըստ նրա՝ Ռուսաստանի իշխանությունների ճնշումներն ու սպառնալիքները հասել էին «աննախադեպ եւ մտահոգիչ մակարդակի»։

«Այս ընտրությունների կարեւորությունը, ինչպես նաեւ ամբողջ քարոզարշավի ընթացքում հնչած բեւեռացնող հռետորաբանությունը լարված մթնոլորտ ստեղծեցին թե՛ ընտրողների, թե՛ ընտրական պաշտոնյաների համար»,- շեշտել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչը։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության մեդիա մշտադիտարկումն էլ ցույց է տվել, որ Հայաստանում մեդիամիջավայրը բազմակարծիք է, սակայն բեւեռացված։ «Լրատվամիջոցների մեծ մասը օգտագործվել է մրցակիցների կողմից փոխադարձ վիրավորանքներն ու բաժանարար քարոզչական հռետորաբանությունը տարածելու նպատակով՝ գրեթե չառաջարկելով թեկնածուների ծրագրերի բովանդակային վերլուծություն»։

Back to top button