ԿարևորՀասարակություն

Պատմության թանգարանում բացվել է «Արմինե Ջոհաննես․ Հայաստանի անկախացման ակնթարթները» ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Արմինե Ջոհաննես․ Հայաստանի անկախացման ակնթարթները» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության հռչակման 35-ամյակին:

Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ մայիսի 27-ին կայացած հանդիսավոր բացմանը ելույթ են ունեցել թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և լուսանկարչուհի Արմինե Ջոհաննեսը: Բանախոսներն ընդգծել են նախագծի կարևորությունը: Նրանք նշել են, որ ներկայացված լուսանկարներն անկախության տարիների կյանքի ու պատմական իրադարձությունների բացառիկ վավերագրություն են:

Սփյուռքահայ լուսանկարչի գործերը Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Ներկայացված է ավելի քան 100 լուսանկար, որոնք համադրվել են թանգարանի ցուցանմուշներից մի խորհրդանշական ընտրանու հետ։ Լուսանկարներն արվել են 1980-ական թթ․ վերջին և 1990-ական թթ․ առաջին կեսին Հայաստանի տարբեր շրջաններում և Լեռնային Ղարաբաղում։

Ցուցահանդեսը կազմակերպվում է թանգարանի ու լուսանկարչի համագործակցությամբ և կգործի մինչև սեպտեմբերի 22-ը։

Կարդացեք նաև

Back to top button