ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Աստանայում կքննարկվեն Հայաստանին առնչվող հարցեր․ ԵԱՏՄ հնգյակի գագաթնաժողովը մայիսի 29-ին

Մայիսի 28-29-ը Աստանայում նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը։ Այդ համաժողովը ուշագրավ է Հայաստանի շուրջ Ռուսաստանից հնչող հայտարարությունների համատեքստում: Բանն այն է, որ Մոսկվան  հայտարարում է, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում քննարկվելու է ԵԱՏՄ–ին Հայաստանի  անդամակցության թեման։ Այս հարցի շուրջ դիտարկումներն ակտիվացան Երևանում մայիսի սկզբին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո, այնուհետև դրանք սրվեցին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի Հայաստան այցից ու ստորագրված փաստաթղթերից հետո։ 

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը։ ՀՀ վարչապետն , անդրադառնալով այդ հարցին, այսօր հստակեցրել է, որ Երևանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։

Մայիսի 29-ին Աստանայում նախատեսված ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կքննարկվի այդ կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝

«Վաղը տեղի կունենա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Կարծում եմ, որ Հայաստանի հետագա մասնակցության հարցը այս կամ այն չափով կքննարկվի»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր, որ որևէ մեկը չի կարող խնդրել Հայաստանին մնալու ԵԱՏՄ-ում, սակայն այդ հարցի վերաբերյալ պարզաբանումների կարիք կլինի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ, դեռ մայիսի սկզբին տեղեկացրել էր, որ չի մասնակցելու Աստանայի հանդիպմանը ։ Հայաստանի պատվիրակությունը Աստանայում կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պեսկովը ԵԱՏՄ նիստին Երևանի մասնակցության վերաբերյալ ասել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և աշխատանքային մակարդակով, այնուամենայնիվ կմասնակցի գագաթնաժողովին։ Երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունն այս օրերին զբաղված է նախընտրական քարոզարշավով, ինչը հասկանալի է համարել Պեսկովը։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, ԵԱՏՄ նիստերի օրակարգը բարդ կլինի Երևանի հետ կապված իրավիճակի պատճառով։

«Որևէ մեկը չի համոզի Հայաստանին, հատկապես, որ Հայաստանի մտադրությունը ամրագրված է օրենքով։ Բայց, իհարկե, որոշակի պարզաբանումների կարիք կլինի։ Մեզ համար կարևորն այն է, որ որևէ երկրի գործունեություն չվնասի Եվրասիական ինտեգրացիային, քանի որ մեզ համար գլխավորը ինտեգրացիան է, դա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է»։

Կրեմլը պնդում է, որ եթե Հայաստանը ԵՄ–ի հետ ինտեգրացիայի ուղին է ընտրում, պետք է հասկանա, որ սրանք միմյանց բացառող գործընթացներ են։

ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի օգուտները երաշխավորված են, իսկ արդյո՞ք նման երաշխիքներ կապահովի ԵՄ-ը՝ ասում է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նաև հայտարարում է, որ ԵՄ–ին անդամակցությունը շատ երկրների համար մնում է չիրականացված երազանք։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ բացառել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցներ կկիրառվեն։ Ըստ նրա՝ քննարկումները անդամակցության պայմանագրի փոփոխման մասին չէ, դրա համար կոնսենսուս է անհրաժեշտ, իսկ Երևանը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Օվերչուկը խոսել է ստեղծված իրավիճակում ներդրողների համար առաջացող բարդությունների մասին՝

«Գիտեք, այն իրադրությունը, որը հիմա ստեղծվել է՝ մեծ անորոշություն է առաջացնում այդ թվում և ներդրողների համար։ Իհարկե, ներդրողները սիրում են գնահատել իրավիճակը և գնալ այն երկրներ, որտեղ կանխատեսելիություն կա»։

Ըստ Օվերչուկի, այսօր շուկաները բաց են, և ապրանքների ազատ տեղաշարժ կա, և Հայաստանը օգտվում է այդ արտոնություններից, որը տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը։ Սակայն, եթե Հայաստանի նպատակը ԵՄ անդամակցությունն է ապա դա չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ անդամակցության հետ։

ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանել է, որ Երևանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից ․

«Ես երբեք չեմ հայտարարել ԵԱՏՄ-ից այսօր դուրս գալու մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանն անդամ լինելը և Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք: Դա կարող է համատեղելի լինել մինչև 2030 թիվը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2026 թվի դեկտեմբերը, կամ մինչև 2027 թվի հունիսը։ Ժամանակը ցույց կտա։ Դա մեր ինքնիշխան որոշումն է»։

Ավելին, ՀՀ վարչապետը նշում է, որ Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չէ, քանի որ, օրինակ, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը շատ սահմանափակ է: Ըստ Փաշինյանի, Հայաստանի զարգացող տնտեսությանը սպառնացող որևէ հանգամանք չկա, ընդհակառակը՝  Հայաստանի տնտեսության համար այժմ բացվում են նոր, անծայրածիր հնարավորություններ և այդ հնարավորությունների անկյունաքարը և առանցքը TRIPP նախագիծն է։

Կարդացեք նաև

Back to top button