
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանին հաջողվել է պահպանել վստահելի հարաբերություններ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի հետ՝ նույնիսկ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Վարչապետն այսօրվա ճեպազրույցում ընդգծել է, որ Իրանի հետ համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, այլև վերջին շրջանում խորացել է։ Փաշինյանի համոզմամբ՝ դրա գլխավոր պատճառը մեկն է՝ Հայաստանն իր դիրքորոշումները ներկայացնում է ուղիղ ու անկեղծ։ Նրա խոսքով՝ հենց այդ ազնիվ և կանխատեսելի գործելաոճն է թույլ տվել միաժամանակ պահպանելու վստահելի հարաբերություններ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի հետ։ Թեմային վարչապետն անդրադարձել է TRIPP նախագծի համատեքստում։
ԱՄՆ–ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի գլխավոր արդյունքը Երևանում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի նախաստորագրումն էր։ Վարչապետ Փաշինյանը պարզաբանում ու գնահատում է ԱՄՆ պետքարտուղարի այցի ժամկետի և կարճատև լինելու հանգամանքը.
«Այսինքն՝ մենք չգիտեինք համաձայնագրի տեքստը ո՞ր օրն է համաձայնեցվելու։ Երբ որ համաձայնեցվել է, անհրաժեշտություն է առաջացել այդ համաձայնեցումը արձանագրել պաշտոնապես։ Այցը հենց արժևորվում է առավել ևս դրանով, որ հենց այդ առիթով ԱՄՆ պետքարտուղարը եկել է Հայաստան, նախաստորագրել է՝ ստորագրման ու վավերացման հետագա ընթացքը ապահովելու համար»։
Ինչպես պարզաբանել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պայմանագրի վերջնական տարբերակը կստորագրվի առաջիկա շաբաթների ընթացքում, որին անմիջապես կհաջորդի շինարարության մեկնարկը։ Որքանո՞վ է այս գործընթացը շաղկապված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ՝ «Ռադիոլուրը» հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«TRIPP նախագիծը ուղիղ փոխկապակցվածություն խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացված լինելու հետ չունի, որովհետև առանձին համաձայնագիր է ստորագրվում և այդ համաձայնագիրը կիրականացվի»։
Փաստաթուղթը կստորագրվի երկու երկրներում ներպետական մի շարք ընթացակարգեր անցնելուց հետո։ Այն հիմնված է դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի վրա և նպատակ ունի խորացնելու Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցությունը՝ TRIPP նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար։
Պետքարտողար Ռուբիոյի այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերից մեկն էլ վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը։ Այդ ոլորտը վերջին 10-ամյակներում էականորեն փոխվել է, նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ է ենթադրում այդ գործակցությունը։ Արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվադեպ միներալները՝ մանրամասնեց վարչապետը։ Նա որոշ փակագծեր բացեց այս ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ.
«Այստեղ մի շատ կարևոր ծրագիր կա, որը մենք Միացյալ Նահանգների հետ պիտի իրականացնենք։ Դա Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան, որովհետև կան միներալներ, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն, բացի գիտականից, չեն ներկայացրել, իսկ այսօր դրանք էական նշանակություն ունեն տնտեսության, արտադրության և արդյունաբերության մեջ, արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համր»։
Հայ-ամերիկյան այդ հուշագրում խոսվում է նաև Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին։ Խնդիրն այն է, որ ընդերքը միշտ չէ, որ հորատումով են հետազոտում. արդեն կան տիեզերական տեխնոլոգիաներ, որոնք երկրի սկանավորմամբ նաև ավելի կոնկրետ տեղորոշումներ են արվում։ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ այս ոլորտում համագործակցությունը հենց այդ ուղղությամբ է լինելու։ Վարչապետը հստակեցնում է.
«Ըստ էության՝ Միացյալ Նահանգների հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ»։
Հայաստան-ԱՄՆ գործակցության այս նոր համատեքստում գնահատելով երկկողմ հարաբերությունները՝ Նիկոլ Փաշինյանը նախ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը պարզաբանեց.
«Ընդհանրապես մենք այսուհետև երբեք որևէ հարցում առանց այլընտրանքի չենք մնալու։ Երբեք և որևէ հարցում։ Չի լինելու որևէ հարց, որ ՀՀ-ն չունենա այլընտրանք։ Եվ, կարծում եմ՝ այսօրվա զորահանդես-հաշվետվությունն էլ դրա վառ ապացույցն էր»։
Միանշանակ է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր բոլոր հարաբերությունները։ Դա վերաբերում է նաև էներգետիկ ոլորտին։ Վարչապետի պնդմամբ՝ Հայաստանը էներգետիկ անկախ երկիր լինելու հնարավորություն ունի՝ արևային ռեսուրսի հաշվին, ինչը Հայաստանին անսահմանափակ հնարավորություն է տալիս։ Դիվերսիֆիկացումը նաև միջուկային էներգետիկային է վերաբերում։ Մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցով էլ, վարչապետի փոխանցմամբ, ակտիվ բանակցություններ են ընթանում բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, և Հայաստանը ընտրելու է լավագույն առաջարկը։ Այս համատեքստում էլ վարչապետը խոսեց դիվերսիֆիկացման տրամաբանությունից, որով առաջնորդվում է կառավարությունը՝ «անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության, որևէ հարցում»։




