
Նոր ուշագրավ զարգացում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում. մայիսի 26-ին պաշտոնական այցով՝ Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի մասին մամուլում անգամ շշուկների մակարդակով խոսակցություններ չկային։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նախատեսված է Ռուբիոյի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Հայտնի է նաև, որ այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, սակայն դրանց բովանդակության մանրամասներն առայժմ չեն հրապարակվում։ Փորձագիտական դաշտում նկատում են, որ այցը Երևան-Վաշինգտոն ռազմավարական գործակցության ընդլայնման և տարածաշրջանային նոր գործընթացների ֆոնին է։ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Ռուբիոյի այցը Հայաստանի համար, ի՞նչ սպասելիքներ կան, և ի՞նչ տեղ ունի այս ամենում TRIPP–ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը տեղի է ունենում Հայաստան-ԱՄՆ ակտվիվացած հարաբերությունների ֆոնին։ Վերջին մեկ տարում Երևան-Վաշինգտոն շփումները նկատելիորեն խորացել են՝ ընդգրկելով անվտանգային, տնտեսական, էներգետիկ և տարածաշրջանային հաղորդակցման ուղղությունները։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է.
«Այս այցը, հատկապես այն բանից հետո, որ ընդամենը վերջերս էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը այստեղ, նշանակում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակաբար խորանում են և նոր մակարդակի են դուրս գալիս»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան, որը փետրվարի 9-ից 10-ն էր, առանձնակի էր իր կարևորությամբ։ Վենսը ԱՄՆ գործող փոխնախագահներից առաջին ամենաբարձր պաշտոնյան էր, որ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Այցի ընթացքում նա հանդիպել էր վարչապետ Փաշինյանի հետ, իսկ քննարկումների առանցքում եղել էին խաղաղության հաստատումը, հաղորդակցությունների վերագործարկումը և TRIPP-ի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը։
Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարևոր հանգրվան էր 2025-ի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան։ Դրանով ստեղծվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողով՝ համակարգելու գործակցությունը մի շարք ուղղություններով։
Փաստաթղթում առանձնակիորեն շեշտադրվում են տնտեսական և էներգետիկ ծրագրերը
«Կողմերը հայտարարում են, որ մտադիր են ընդլայնել առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումները, զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունները և աջակցել Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը։ Առանձին բաժնով անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական ինստիտուտների, դատական համակարգի և անկախ մեդիայի զարգացման ուղղությամբ համագործակցությանը»։
Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Հայաստան-ԱՄՆ կապերը նորովի ակտիվացան։ Օրակարգում առանձնահատուկ տեղ գրավեց TRIPP–ը։ Այն պաշտոնապես ձևակերպվեց 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան համատեղ հայտարարության շրջանակում։ Նախագիծը շարունակում է ակտիվորեն քննարկվել Հայաստանում։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է այդ նախաձեռնությանը՝ շեշտելով, որ դրա իրականացման համար կատարվում է ամենօրյա աշխատանք․
«TRIPP-ի հետ կապված՝ միանշանակ կարող ենք արձանագրել՝ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում. և՛ տարածքների ուսումնասիրություն է տեղի ունենում, չի բացառվում արդեն՝ կոնկրետ որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք, օրինակ՝ երկաթգծի կայարանների և այլնի։ Նաև զուգահեռ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում, և մենք ուզում ենք հնարավորինս շուտ դե յուրե դա ստորագրենք, և ուժի մեջ մտնի։ Այսինքն՝ գործնականում, չեմ չափազանցում, ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ։ Այսինքն՝ էս մասով և՛ տարածքի ուսումնասիրություն, և՛ ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն, և՛ կառավարման մոդելների ուսումնասիրություն, և՛ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն, և էդպես շարունակ։»։
Փորձագետների կարծիքով՝ Մարկո Ռուբիոյի այցը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հերթական փուլը՝ հաշվի առնելով հատկապես Հարավային Կովկասում ԱՄՆ աճող ներգրավվածությունն ու տարածաշրջանային նոր իրողությունները։ Էդգար Վարդանյան.
«Սա նշանակում է նաև, որ Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանը գերկարևորություն ունի։ Գերկարևորություն ունեն Միացյալ Նահանգների համար հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները։ Եվ, բնականաբար, այս ամեն ինչը պետք է մենք դիտարկենք հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման համատեքստում, և, նաև, բնականաբար, TRIPP-ի կոնտեքստում»։
Ռուբիոյի այցի շրջանակում ստորագրվելու են փաստաթղթեր։ ԱԳՆ-ն այլ մանրամասներ առայժմ չի հայտնում։ Փորձագիտական շրջանակում ենթադրում են, որ ստորագրվելիք փաստաթղթերը կարող են վերաբերել տնտեսական գործակցությանը, ենթակառուցվածքային կամ տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանը դեռ ակնկալիքներից է խոսում․
«Կարող ենք ենթադրել, որ փաստաթղթերը կվերաբերեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակում որոշակի նոր քայլերի։ Այդ ուղղությամբ փաստաթղթեր կընդունվեն, և, հնարավոր է, նաև հենց ուղղակիորեն TRIPP-ի իրականացմանն ուղղված, այսպես ասած, TRIPP-ի «Իմպլեմենտացիային» ուղղված փաստաթղթեր դրանք լինեն»։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ այցը Հայաստանի համար չափազանց կարևոր ժամանակահատվածում է։ Քաղաքագետը երկու՝ գործնական և խորհրդանշական տեսանկյունից է դիտարկում պետքարտուղարի այցը․
«Իմ կանխատեսմամբ՝ հիմնական քննարկման թեման լինելու են կոմունիկացիոն նախագծերը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները իրականացնում են միասին, առաջին հերթին խոսքը, բնականաբար, վերաբերում է TRIP-ին։ Դա, այսպես ասած, մի բովանդակությունն է այս այցի։ Եվ երկրորդը՝ այցի, այսպես ասած, սիմվոլիկ կողմը կամ մյուս կողմը աջակցության ցուցաբերումն է Հայաստանին, մի իրավիճակում, երբ Հայաստանը իր պատմության մեջ ամենամեծ հիբրիդային հարվածների ներքո է, որոնք ուղղված են Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունից»։
Փորձագետները նաև նկատում են, որ Ռուբիոյի երևանյան այցը տեղի է ունենում մի փուլում, երբ պաշտոնական Երևանը փորձում է ընդլայնել իր արտաքին քաղաքական գործընկերությունները, իսկ Վաշինգտոնը՝ ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում, ինչն ուղեկցվում է Մոսկվայից հնչող անհանգստություններով ու երբեմն նաև զգուշացում հիշեցնող հայտարարություններով։




