ՌեպորտաժներՔաղաքական

Վիզաների ազատականացումն առաջիկա երեք տարիներին․ ՆԳՆ-ն արտահոսքի վտանգ չի տեսնում

Եվրոպական հանձնաժողովը 2026 թ․ մայիսի 5-ին Հայաստանին էր փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում էր ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ կատարելու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025–ի նոյեմբերին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Եվրոպական հանձնաժողովի՝ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները որոշ մանրամասներ են հրապարակել, խոսել են վիզաների տրամադրման ներկա փուլի մասին։

Ե՞րբ կարող են Հայաստանի քաղաքացիները մեկնել Եվրոպա առանց վիզայի․ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Ռադիոլուր»–ի հարցին արձագանքում է՝ ժամկետներ նշելն անշնորհակալ գործ է։ Բայց նախարարը նաև որոշակի ուրվագծումներ է անում․

«Որքան էլ, որ ՀՀ–ն ամբողջ պրոցեսն ապահովի, այդուհանդերձ, եվրոպական կողմի տիրույթում է գտնվում որոշման կայացումը։ Սա տրամաբանական է և ստանդարտ է, որևէ նորություն չկա ՀՀ–ի  դեպքում, բայց ՀՀ–ի կողմից, բնականաբար, մեծ աշխատանք կա տանելու, և ես, որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, այս մասով մեր թիմի առջև նաև խնդիր ունեմ դրված, որ երկխոսության մեկնարկից հետո մենք հնարավոր սեղմ ժամկետում պիտի ապահովենք բոլոր գործողությունների կատարումը ՝ որակով և պատշաճ։ Այս գործընթացը ապահովելու համար մենք մեր առջև երկու–երեք տարվա կտրվածքով ենք խնդիրը դրել։ Ընդ որում, ես չէի հավակնի նմանատիպ նույնիսկ ժամկետ հնչեցնելու, եթե պայմանական այս պահի դրությամբ կենսաչափական համակարգի ներդրման արդեն վերջին փուլում չգտնվեինք։ Սա, իհարկե, մեր ներքին ժամկետներն են։ Բնական է, որ մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի այս ժամկետները գնալով ավելի կրճատվեն, փորձենք ավելի սեղմ ժամկետում կատարել բոլոր միջոցառումները, բայց, այդուհանդերձ, ես ուզում եմ չմոռանանք, որ մենք պիտի այս պրոցեսն ապահովենք որակով և պատշաճ կերպով և չգեներացնենք տարբեր ռիսկեր»։

Նախարարն ընդգծում է՝ եվրոպական կողմը պետք է վստահ լինի, որ բոլոր այն գործողությունները, որ հայկական կողմը կատարում է, սկզբունքային հենքի վրա են դրված։  Եվրոպական հանձնաժողովի՝ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներն ընդգծում է՝ կարճ ժամանակում առաջընթաց են գրանցել, բայց և նշում է՝ պետք է հասկանալ, որ սա զանգվածային ու մեծ պահանջներ ներկայացնող գործընթաց է․

«Գործընթացի ավարտին ԵՄ–ն ու ՀՀ–ն պետք է ԵՄ անդամ 27 պետության համոզեն, որ այն իրատեսական ու ավարտուն է։ Սրան պետք է հավատա նաև Եվրախորհրդարանի մեծամասնությունը։ Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե մենք այս գործընթացը արագացնենք։, եթե ի վերջո հասնենք առանց վիզայի ռեժիմի ներդրման, ու հետո այն արդյունավետ չլինի։ Ուստի մենք ընդգծում ենք, հատկապես, այս գործընթացի որակը ոչ միայն նրա համար, որ ցանկանում ենք արհեստավարժ աշխատանք կատարել, այլ նրա համար, որ սա միակ եղանակն է առանց վիզայի ռեժիմին հասնելու և պահպանելու համար»։

Եվրոպական հանձնաժողովը  այս տարվա    մայիսի սկզբին էր  Հայաստանին փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ կատարելու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025–ի նոյեմբերին: Այն 74 հենանիշ ունի, որոնք պետք է իրականացվեն երկու փուլով՝ համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում, դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շեշտում է՝ զեկույցում առաջընթացիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական փաստաթղթերի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում․

«Սա հնարավորություն է ևս մեկ անգամ փաստելու, որ ՀՀ–ն կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրոպական միության համար, և ես ինչպես փաստեցի, սա պարզապես հերթական պրոցեսը չէ ՀՀ–ի համար։ Սա կարևոր պրոցես է` ապահովելու ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տեսանկյունից»։

Եվրոպական հանձնաժողովի  նախագահ Ուսուլա ֆոն դեր Լայենը  առաջընթացը բարձր է գնահատել՝ պաշտոնական Երևանին ևս մեկ անգամ փոխանցում է Եվրոպական հանձնաժողովի՝ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Նա ընդգծում է՝ թե՛ ՀՀ–ն, թե՛ Եվրոպական հանձնաժողովը այս գործընթացին լրջորեն են մոտենում։

Նա շեշտում է այն, որ ՀՀ քաղաքացիները շատ շուտով կենսաչափական անձնագրեր կունենան, կգործարկվի բնակչության միասնական ռեգիստրն ու մի շարք այլ բարեփոխումներ կկատարվեն։ Մեծ առաջընթաց արդեն իսկ կատարվել է՝ ասում է Լուխները․

«Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը լիարժեք, առանց վիզայի ռեժիմի անցնելու համար։ Մենք ավելի շատ թվով վիզաներ են տրամադրում ՀՀ քաղաքացիներին այժմ, ավելի շատ բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում ՀՀ քաղաքացիներին։ Համատեղ մեծ ջանքեր ենք ներդնում, որպեսզի մերժումների քանակը նվազի»։

2019–ին ՀՀ քաղաքացիներին 51 հզր շենգենյան վիզա է տրվել, որի 34,8 %-ը՝ բազմակի մուտքի համար, 2024–ին՝ 86.300, որի 43,5 %-ը՝ բազմակի։ Մերժման մակարդակը կայուն է՝ 12–13 %-ի միջակայքում։

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկից ի վեր կան մտահոգություններ՝ ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ երկրներ մեկնելու և չվերադառնալու վերաբերյալ։ Ակտիվ են նաև հակառակ խոսակցություններն ու մտահոգությունները՝ արդյո՛ք  այլ երկրներից ներհոսք սպասվում է։ Արփինե Սարգսյանը «Ռադիոլուր»–ին ասում է, որ ինքն էլ է տարբեր մտահոգությունների հանդիպել հանրային տիրույթում․

«Ուզում եմ փաստել, որ եթե մենք և նաև եվրոպական կողմը ընկալեր և գնահատեր, որ կան արտագաղթի ռիսկեր, ես վստահեցնում եմ, որ մենք այս կետին ուղղակի չէինք հասնի։ Սա ուզում եմ հստակ արձանագրել։ Սրա համար ինձ հիմք են տալիս մի քանի փաստեր։ Առաջինը այն է, որ 2025 թ.–ը առաջին տարին է, որ մենք միգրացիոն ոլորտում արձանագրել ենք ՀՀ քաղաքացիների մուտքի և ելքերի դրական տարբերություն, դրական միգրացիոն սալդո, որը կազմել է՝ 8660։ Այսինքն, եթե խոսեինք արտագաղթի ռիսկերի մասին, մենք կշարունակեինք բացասական դինամիկա արձանագրել այս ոլորտում։ Երկրորդը՝ մենք Եվրոպական միության հետ, բնականաբար, ռեադմիսիոն տարբեր համաձայնագրեր ունենք։ Համաձայնագրերի շրջանակներում արձագանքում ենք ցանկացած անկանոն միգրացիոն հոսքի արդյունքում Եվրոպական միության տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Հայտերի գերակշիռ մասը դրական է։ Այսինքն` մենք դրական ենք արտահայտվել և գտել ենք, որ պետք է ստանձնենք այդ հանձնառությունը` հետ ընդունելու մեր քաղաքացիներին։ Սա ևս, կարծում եմ, գործընկերների մոտ կառուցողական գործընկերության տրամադրվածությունն ավելի ամրապնդել է, որովհետև մենք չենք հավակնում մտածելու, որ այս պրոցեսը պետք է թույլ տա հակառակը` ավելի ընդլայնելու այն անկանոն հոսքերը, որոնք որ կարող են պրակտիկորեն առաջանալ»։

Տարեցտարի նվազում ենՀայաստանի քաղաքացիների՝ ԵՄ–ում ներկայացվող ապաստանի հայցերը՝ ընդգծում է նախարարը։ Վիճակագրությունն է ներկայացնում․ եթե  2016–ին  ԵՄ երկրներ ՀՀ–ից 7․795 անձ է դիմել ապաստանի համար, ապա 2024–ին՝ 5․130 քաղաքացի։ 2025–ին այդ թիվը ավելի է նվազել՝ 3․535։

Արփինե Սարգսյանը ընդգծում է՝ հենց այս թվերն են, որ ԵՄ գործընկերներին թույլ են տալիս հավաստիանալ, որ ՀՀ քաղաքացիները կարող են ճամփորդել տարբեր նպատակներով, բայց ԵՄ տարածքում մնալու վտանգ չկա․

«Ուզում եմ արձանագրել` սա ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, հաստատված խաղաղությանոլորտային տարբեր բարեփոխումների արդյունքն է։ Երկրորդ՝ այո, ես ուզում եմ նաև կրեդիտ տալ գործընկերներին, որ սա նաև Եվրոպական միության հետ մեր արդյունավետ գործընկերության արդյունքն է։ Այն պնդումները, որոնք կան ու հատկապես տարբեր քաղաքական նպատակներով շահարկվում են, ես ուզում եմ հավաստիացնել՝ անհնար է գտնել իրական այնպիսի մի փաստարկ, որը կստիպի մտածելու, որ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը կարող է ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք գեներացնել կամ որևէ խնդիր գեներացնել։ Սա ուզում եմ հատուկ ընդգծել»։

Զեկույցում ընդգծվում է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշները լիարժեք կատարելու համար։ Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ կհետևի գործընթացին։ Առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն գնահատման լրացուցիչ առաքելություններ։

Կարդացեք նաև

Back to top button