
Մայիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում քննարկվել են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման կազմակերպչական հարցերը և երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է որակել քաղաքական նկրտումների համար Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը։
«Խիստ տարակուսելի է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում ենք ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին»,-ասվում է հայտարարությունում։
Արձանագրվել է, որ Եկեղեցուց դուրս որևէ կառույց, այդ թվում՝ պետական ու քաղաքական իշխանությունը, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։
Շեշտվել է, որ ընտրությունների արդյունքում ժողովրդի տված վստահության քվեն պետք է օգտագործվի բացառապես պետական ինքնիշխանության ամրապնդման, սահմանների անձեռնմխելիության, ազգային ինքնության զորացման և հանրային համերաշխության վերականգնման համար։
Կոչ է արվել խոհեմությամբ ու նվիրումով փայփայել հայոց անկախ պետականությունը և այն երբեք չենթարկել վտանգավոր արկածախնդրությունների։




