
Նախօրեին ընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Օսիպյանի եւ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջեւ միջադեպի ընթացքում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը խուլիգանություն եւ այլ հանցակազմ չի տեսնում։
«Խիստ մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել»,- գրել է նա։
Ըստ նրա նման հանգամանքներն ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Անկախ դիտորդ — Independent Observer դաշինքում պահանջում ենք անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը, իսկ իրավասու մարմինները պետք է հրապարակային ներողություն ներկայացնեն, եթե պարզվի, որ նրա նկատմամբ միջամտությունը եղել է անհամաչափ, ընտրողական կամ քաղաքական քննադատությամբ պայմանավորված»,- գրել է Իոաննիսյանը։




