ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ի՞նչ կտա ֆինանսական համակարգին բանկերի վերակառուցման մասին նոր օրենքը

Հայաստանում «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծ է մշակվել։ Հաստատվելուց և շրջանառության մեջ դրվելուց հետո այն, ըստ նախագծի հեղինակների, պետք է ապահովի ֆինանսական համակարգի կայունությունը։

Իսկ ֆինանսական համակարգի կայունությունը և դրամավարկային ճիշտ քաղաքականությունը տնտեսությունն ու մակրոտնտեսական միջավայրը զերծ կպահեն հնարավոր ռիսկերից, հատկապես տարածաշրջանային իրադարձությունների պայմաններում։ Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

2018 թ․ ֆինանսական համակարգի կարգավորման շրջանակում ԱՄՀ–ն ու ՀԲ–ն համապարփակ գնահատում անցնելիս նշել են, որ երբ ՀՀ ֆինանսական, մասնավորապես բանկային համակարգում վիճակը վատանում է, ապա հանգուցալուծման միակ տարբերակը լուծարումն է։

Բայց աշխարհում զուգահեռ սցենարներ նույնպես կան։ Համակարգերը տարբեր են, բայց ստանդարտների հիմքը մեկն է՝ պարզաբանում է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը․
«Մենք ուզում ենք ՀՀ-ում ունենալ հայեցակարգ և կառուցակարգ, որը հնարավորություն կտա մեզ որևէ ֆինանսական համակարգում, մասնավորապես, բանկում խնդիր ունենալու պարագայում տարբեր գործիքների միջոցով լուծումներ առաջարկել, այլ ոչ թե շատ ծախսատար լուծարման գործընթացով առաջ գնալ»։

Բանկի կամ դրա մի մասի վաճառք․ սա ամենապարզ գործիքն է՝ շարունակում է ԿԲ նախագահի տեղակալը՝ ներկայացնելով առաջարկվող կանոնակարգերը․

«Երկրորդ գործիքը, ըստ էության, դա կամուրջ բանկ գործիքն է, այսինքն` մենք ժամանակավոր վերցնում ենք ինչ-որ ֆիզիկական գործառնություններ կան, որոնք մենք ուզում ենք, որպեսզի շարունակվի, ստեղծում ենք ինչ-որ մի կամուրջ բանկ։ Այն իր գործունեությունը շարունակում է նորմալ միջավայրում։ Պրոբլեմատիկ խնդիրները լուծվում են արդեն այստեղ։ Երրորդ կառուցակարգը ակտիվների առանձնացումն է։ Այսինքն` հենց բանկ ստեղծելու կարիք չկա, այսինքն` բանկային գործառնությունների խնդիր չկա, պարզապես հնարավոր է  պրոբլեմատիկ բանկի ակտիվները լավ և վատ մասերի բաժանել։ Այդ դեպքում ստեղծվում է մի հատ այլ ակտիվների կառավարիչ կամ ինչ-որ մի ֆինանսական կառույց, որը  բանկ չէ։ Այդ պարագայում էլի լավ և վատ ակտիվները բաժանվում են, ժամանակի ընթացքում այդ պրոբլեմատիկ ակտիվների հետ կապված, թե վաճառք կլինի, թե ինչ կլինի, այսինքն` ժամանակ ենք շահում, որպեսզի այդ գործիքները կարողանանք կիրառել։ Ներքին աջակցությունը դա չորրորդ գործիքի տեսակն է։ Իմաստն այն է, որ երբ որ կան, կոպիտ ասած՝ բանկի մասնակիցներ, բաժնետերեր, կան պարտատերեր և ավանդատուներ, էս գործիքի պարագայում պարտատերերից որոշներին մենք սարքում ենք բանկի բաժնետեր»։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հարցնում է․

«Ես ճի՞շտ հասկացա՝ կամուրջ բանկ է լինում, այսինքն` բանկը, որը, ենթադրենք, ինչ-որ խնդրահարույց մաս ունի, խնդրահարույց մասը առանձնանում է բանկից՝ դրական մասով։ Բանկը շարունակում է իր գործունեությունը, մյուս մասով չգիտեմ, գնում ենք խնդրի լուծման հետևից»։

Իրականում հարցը որքան շուտ լուծվի, այնքան լավ՝ արձագանքում է Նուրբեկյանը։ Երրորդ կառուցակարգի դեպքում բանկային գործառույթ չի կատարի կառույցը։ Վատ ակտիվները կկառավարեն ստեղծվելիք ֆոնդի միջոցով։ Այն կձևավորի Կենտրոնական բանկը կամ ԿԲ-ի նշանակած խորհուրդը։ Նոր վերակառուցման հիմնադրամը նման կլինի ավանդների երաշխավորման հիմնադրամին։

Կառավարումը հենց այս հիմնադրամն էլ կկազմակերպի։ Կառուցակարգերը միաժամանակ ֆինանսական համակարգի կայունությունը կապահովեն՝ համոզված են ԿԲ-ում։ Գլխավոր դրամատանը նաև գործունեության այս տարվա առաջին չորս ամիսների գործունեության հաշվետվությունն են կազմել ու ԱԺ ներկայացրել՝ առանձնացնելով այս տարվա ֆինանսական ու տնտեսական հատվածի մարտահրավերները։ Սրանցով է պայմանավորված տնտեսական ու սոցիալական մի շարք նախագծերի իրականացումը։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է՝ իրականացված դրամավարկային քաղաքականության ու մակրոտնտեսական կայնունությամբ պայմանավորված՝ 12-ամսյա գնաճը 3,3 տոկոս էր նախորդ տարեվերջին։ Տարածաշրջանային իրադարձություններով պայմանավորված՝ տարեսկզբից արդեն խնդիրներն ակնհայտ էին, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում իրավիճակը սրվում է․

«2026 թվականի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 5-5,5 % միջակայքում։ Թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա արդյունքում ավելի բարձր աճի ձևավորման ազդակներ են պարունակում, 2026 թվականի անցած 4 ամիսների ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է արագանալ` ապրիլին կազմել է 5,3 %։ Սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորապես, պարենային ապրանքների ու էներգակիրների գների բարձրացմամբ, այնպես էլ՝ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ»։

Ծառայությունների գների ինդեքսը, առանց առողաջապահության գների, թիրախի միջակայքում են։ Մայիսին անցկացված հարցումները փաստում են, որ գնաճը ԿԲ սահմանած թիրախից բարձր է լինելու՝ 4 տոկոս, միջնաժամկետում, սակայն, այն կնվազի։

Կարդացեք նաև

Back to top button