
Միացյալ Նահանգների համաշխարհային հեղինակությունը Ռուսաստանից ցածր է՝ արձանագրում է Դանիայի «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամը։
Ըստ հիմնադրամի զեկույցի՝ Վաշինգտոնից դժգոհության պատճառներից մեկը Իրանի դեմ պատերազմն է և դրան հաջորդած նավթի թանկացումը:
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները հրաժարվեցին իրենց ռազմածովային ուժեր տրամադրել՝ Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելու համար։ Դա Դոնալդ Թրամփի համար առիթ դարձավ քննարկելու ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու հնարավորությունը։ Եվրոպացիների համար սա ևս Վաշինգտոնից դժգոհելու պատճառ է։ Բալար այդ դժգոհություններն, ի վերջո, հանգեցրել են ամերիկյան վարկանիշի անկմանը։
Աշխարհում տեղի ունեցող պատերազմներն ու դրանց ընթացքը, տարբեր երկրների մոտեցումներն այդ հակամարտություններին ու այդ երկրների մտադրությունները կոնկրետ ազդեցություն են ունենում այս կամ այն երկրի վարկանիշի վրա։
Ժողովրդավարության ընկալման ինդեքսի համաձայն՝ Միացյալ Նահանգների վարկանիշը երկրորդ տարին անընդմեջ իջնում է։ Ըստ հարցումների՝ ԱՄՆ-ն համարվում է խաղաղությունը խաթարող երրորդ ամենամեծ սպառնալիքը։
Դանիայի «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամը հրապարակել է իր ամենամյա հետազոտության մասին զեկույցը՝ «Ժողովրդավարությունների ընկալման ինդեքսը»։
Ըստ այդ զեկույցի՝ ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակությունը երկու տարի առաջվա 22 տոկոսից 2026 թվականին նվազել է -16 տոկոսի։ Մինչդեռ Ռուսաստանը ստացել է -11, իսկ Չինաստանը՝ +7 տոկոս։
Ավելին, ԱՄՆ-ն որակվել է որպես խաղաղության համար երրորդ ամենամեծ սպառնալիք՝ Ռուսաստանից և Իսրայելից հետո։
«ԱՄՆ-ի հեղինակության կտրուկ անկումը տխուր է, բայց զարմանալի չէ», — նշում է «Ժողովրդավարությունների դաշինքի» հիմնադիր, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Ըստ նրա՝ վերջին 18 ամսվա ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մարտահրավեր է Հյուսիսատլանտյան դաշինքին։
ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների՝ Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելը հարցականի տակ է դրել դաշինքի գոյության իմաստը, ասում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա այդ հանգամանքը լուրջ խնդիր է համարում իր երկրի համար՝
«Եթե ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ում գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում ուժեր տեղակայելու հնարավորությունն է, որը հիմա մերժվում է, օրինակ, Իսպանիայի կողմից՝ դա խնդիր է և պետք է քննարկվի։ Այդ դեպքում պետք է հասկանալ, թե որն է դաշինքի իմաստը: Ստացվում է, որ նրանք դաշնակիցներ են միայն այն ժամանակ, երբ իրենք են դա ցանկանում»։
Երկու շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գերմանիայում իր ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը։ Ավելի ուշ Պենտագոնը հստակեցրեց, որ Վաշինգտոնը դիտարկում է առաջիկա 6-12 ամսում Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականների դուրս բերելու հարցը։
Արձագանքելով այս հայտարարություններին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պարզաբանում է, որ ամերիկյան զինուժը Գերմանիայից դուրս կբերվի միայն ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելուց հետո։
Ըստ «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամի հարցումների՝ ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակությանը վնասել է նաև Գրենլանդիան զավթելու Դոնալդ Թրամփի սպառնալիքը, քանի որ աշխարհի ամենամեծ այդ կղզին ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի մաս է կազմում։
ԱՄՆ-ի վարկանիշի վրա ազդել է նաև նավթամթերքի թանկացումը՝ որպես Իրանի դեմ պատերազմի հետևանք։
Ավելացնենք միայն, որ հիմնադրամի հարցմանը մասնակցել է 98 երկրի ավելի քան 94.000 քաղաքացի:




