
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Հայաստանի թատերական գործիչների միությունը հոգեհանգստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ։
Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Երվանդ Ծատուրյանի ընտանիքում։
Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում (կուրսի ղեկավար՝ Վարդան Աճեմյան)։
Աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում. «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Ժայռը» ֆիլմերում որպես երկրորդ ռեժիսոր, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ։ Իսկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որպես ստաժոր աշխատել է Յուլի Ռայզմանի ֆիլմում։
20 տարի աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես ռեժիսոր, և որտեղ իրականացրել է շուրջ 25 բեմադրություններ։




