
Հասմիկ Դիլանյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
«Փոխարժեքի տատանումներից ու մասնավորապես դրամի արժեզրկումից ամենաշատը տուժելու են պետական աշխատողները, կենսաթոշակ ու նպաստ ստացող քաղաքացիները, ովքեր դրամով ու պետական բյուջեից են եկամուտներ ստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտատարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու տեղեկացրել, որ խոսքը ՀՀ մեկ միլիոն քաղաքացիների մասին է: Սոցիոլոգը ևս ինչպես փորձագետներից շատերը կարևորել ու ընդգծել է աշխատավարձերի ինդեքսավորումը: Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ն ամեն տարի մարդկանց եկամուտների ինդեքսավորում կատարում է:
«Ռուսաստանում ռուբլու արժեզրկումն ավելի շուտ էր սկսվել, սակայն, Հայաստանի տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցավ միայն երկու-երեք ամիս անց»,- ընդգծել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու նշել ներմուծված արտադրանքի՝ տեղում արտադրելու անհրաժեշտության մասին: Հայաստանում բարձր է դոլարիզացիայի մակարդակը, դրսից ներգրավված վարկերը հիմնականում դոլարով էին, հայաստանյան բանկերը ավելի ցածր տոկոսադրուքյներով դոլարային վարկեր էին տրամադրում հաճախորդներին, արդյունքնում այդ քաղաքացիներն այժմ շատ ավելի վատ վիճակում են հայտնվել:




