ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ներդրումներ տնտեսության իրական հատվածում․ կուտակված գումարների մի մասը Հայաստանում է

Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվները 2025 թվականին աճել են 367 մլրդ դրամով։ Մասնագիտական դաշտում կարևորում են, թե որտեղ են ներդրվում այդ գումարները։ Թեման արդիական է հատկապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պայմաններում։ Ֆոնդային բորսաներում դեռ անկայունություն ու անորոշություն կա, ուստի մասնագետները շեշտում են հատկապես տնտեսության իրական հատվածում արվող ներդրումները։

Հայաստանի կենսաթոշակային կուտակային հիմնադրամներում առկա է ավելի քան 1 տրիլիոն դրամ։ Այդ գումարի առնվազն 60%-ը ներդրված է Հայաստանի տնտեսությունում։ ԿԲ  նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ կենսաթոշակային հիմնադրամներում կուտակված միջոցներն արդյունավետ և նպատակային են օգտագործվում։

«Երկրի տնտեսության մեջ ներդրված այս միջոցների դինամիկան մշտապես փոխվում է, և դա բնական է։ Ես կարծում եմ, որ այս միջոցներն իսկապես ծառայում են Հայաստանի տնտեսությանը։ Ազգային Ժողովի ընդունած վերջին փոփոխությունների շնորհիվ, որոնք հիմնադրամներին թույլ են տվել տնտեսության իրական հատվածում ներդնել 10%, մենք կարող ենք տեսնել առաջին արդյունքները»։

Կուտակվող գումարներն ավելանում են։ Դրանց մի մասը ներդրվում է Հայաստանում, մյուս մասը՝ արտերկրում։ Տարիներ շարունակ այդ գումարների հիմնական մասը ներդրվել է ֆինանսական հատվածում ՝ պարտատոմսեր, ավանդներ։ Բայց մասնագետները շեշտում են, որ կուտակվող միջոցները պետք է ներդրվեն նաև տնտեսության իրական հատվածում։

Amundi-Acba Asset Management հիմնադրամի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, կուտակված միջոցների մոտ 66 տոկոսը ներդրված է Հայաստանում։  

«Եթե մեր հայաստանյան ներդրումներին նայենք, ապա ընդհանուր գումարի՝ 777 միլիարդի 66%–ն է ներդրված։ Դրանք ներդրված են մի քանի ուղղություններում․ ֆինանսական հատված՝ ավանդներ, բանկերի և ոչ բանկային կազմակերպությունների պարտատոմսեր, պետական պարտատոմսեր։

Վերջին մի քանի տարիներին բավականին ինտենսիվ ներդրումներ ենք իրականացնում նաև ոչ ֆինանսական ընկերությունների պարտատոմսերում և բաժնետոմսերում։ Այս պահին ունենք մի քանի ներդրումներ, բաժնետոմս ունենք, օրինակ՝ Թիմ Թելեկոմում։

Ներդրում ունենք նաև Եվրոմիություն–Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որն իր հերթին ներդրում է կատարում տնտեսության իրական հատվածում։ Արդեն 17 ներդրում իրականացվել է անուղղակի կերպով, բայց նաև պարտքային գործիքներում ունենք ներգրավված միջոցներ։ Էներգետիկ ոլորտ, կոմունիկացիա՝ նույնպես ունենք ներդրումներ»։

Հայաստանում օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնցով տնտեսության իրական հատվածում ներդրում անելն ավելի հեշտացավ։ Մինչև այդ փոփոխությունները թույլատրվում էր ներդրումներ կատարել ցուցակված ընկերություններում։ Արդեն երկու տարի է, ինչ հնարավորություն կա նաև ներդրումներ կատարելու նաև ոչ ցուցակված ընկերություններում։  

«Ֆինանսական հատվածից դիվերսիֆիկացնենք նաև ոչ ֆինանսական հատված. դրանք կլինեն ցուցակված կամ ոչ ցուցակված ընկերություններ։ Օրինակ՝ կարևոր ներդրում է FireBird–ի նախագծում արված ներդրումները։ Սա մեր համար մեծ առաջնահերթություն է, մեծ ռեսուրսներ ենք կենտրոնացնում այդ հատվածների վրա»։

Կուտակված միջոցների մի մասը կրկին իրական հատվածում է։ Միջոցների 65 տոկոսը դրամով է, մնացածը՝ արժույթով՝ ասում է C-Quadrat Ampega Asset Management Armenia հիմնադրամի կառավարիչ Պետրոս Մարգարյանը։ Ընդգծում է՝ մոտ 5 տոկոսն են իրական հատվածում ուղիղ ներդրումներ կատարում․

«Առաջին անգամ կենսաթոշակային ֆոնդերը ուղիղ փոխառության կամ ուղիղ պարտքի միջոցով մասնակցեցին նաև FireBird AI-ի ակտիվների մշակման մեծ կենտրոնի ու մեծ պրոյեկտի իրականացնող ընկերության մեջ՝ նորից պարտքի տեսքով և ֆոնդերի մոտ 2 տոկոսի չափով, այսինքն՝ 35 միլիոն դոլարի չափով։

Իհարկե, կան ոլորտներ, որտեղ կենսաթոշակային ֆոնդերը չեն դիտարկում ներդրում, բայց հիմնականում գումարներ ներդրվում են այն ոլորտներում, որոնք ստեղծում են աշխատատեղեր, արժեք տնտեսության համար, նաև օգնում են դեպի կայուն տնտեսության անցմանը։ Դրանց տրվում է որոշակի նախապատվություն. դրանք ուղղակի ներդրումներն էին իրական ոլորտում։ Ունենք նաև անուղղակի ներդրումներ իրական ոլորտում։ Ճիշտ է՝ դրանց չափը շատ մեծ չէ, բայց ազդեցության առումով կարծում ենք, որ բավականին մեծ է, ունենք անուղղակի ներդրումներ իրական ոլորտում»։

Փորձագիտական դաշտում հատկապես կարևորում են տնտեսության իրական հատվածում արվող ներդրումները։ Դրանք ավելի անվտանգ են, գրեթե կախված չեն միջազգային իրադարձություններից։

Կարդացեք նաև

Back to top button