ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր հնարավորություններ՝ ԵՀՔ երևանյան համաժողովից հետո. Փաշինյանը՝ ջրային խնդիրներից մինչև ԵՄ ներդրումային ծրագրերի մասին

Նիկոլ Փաշինյանի ասուլիսում առանցքային ուղերձներից մեկն այն էր, որ կառավարությունը փորձում է Հայաստանի զարգացման օրակարգը կապել արևմտյան գործընկերների հետ խորացող համագործակցությանը։ Ֆրանսիայի հետ ստորագրված փաստաթղթերը, ԵՄ ներդրումային ծրագրերը և ենթակառուցվածքային նախագծերը վարչապետը ներկայացրել է որպես երկարաժամկետ տնտեսական և ռազմավարական հնարավորություն Հայաստանի համար։

Առաջիկա 5 տարում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը՝ լրագրողներին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրանջատումներից բազմաթիվ բողոքների վերաբերյալ «Ռադիոլուրի» հարցին։ Մակրոնի երևանյան այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերից մեկը վերաբերում էր «Վեոլիա ջուր» ընկերության հետ համագործակցության վերանայմանը։ Ի՞նչ է այն ենթադրում և ի՞նչ խնդիրներ է լուծելու՝ վարչապետից հետաքրքրվեց «Ռադիոլուրը»։ Փաշինյանի խոսքով՝ չնայած մեծ ներդրումներին, ջրային խնդիրներն, այնուամենայնիվ, շատ հրատապ են։

«Մենք «Վեոլիա ջուր» ընկերության պոտենցիալն ամբողջ ծավալով չենք կարողացել օգտագործել, և մենք պետք է այդ համագործակցությունը առավել արդյունքահենք դարձնենք, որպեսզի ջրային խնդիրները լուծենք, և դա մեզ համար ռազմավարական ծրագիր է»։   

Ֆրանսիական ընկերության հետ համաձայնագրի վերանայումը միտված է լինելու նաև առաջնահերթ կարգով Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարման հարցը լուծելուն։ Մակրոնի այցի շրջանակներում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթերի ստորագրման գործնական նշանակության մասին հարց ուղղվեց վարչապետին։ Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ է արել Ֆրանսիայի նախագահը մինչև հիմա, որ արժանացավ նման ջերմ ընդունելության, չէ՞ որ 44-օրյա պատերազմից հետո նա շնորհավորել էր Ադրբեջանին, իսկ Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր Ադրբեջանի կազմում։ Ի պատասխան՝ վարչապետն ասաց՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն էլ, օրինակ՝ Բելառուսը, շնորհավորել են Ադրբեջանին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես այդ դիտանկյունից արտահայտվել են, սակայն Հայաստանում որևէ մեկն այդ մասին ոչինչ չասաց։ Վարչապետ Փաշինյանը նկատի ուներ ընդդիմադիր դաշտի կոնկրետ քաղաքական ուժերի։   

«Ո՞րն է նրանց դիրքորոշումը՝ «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, իրենք ո՞նց են մեկնաբանում։ Ես չեմ լսել այդ մեկնաբանությունը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է արել Ֆրանսիայի նախագահը. Փաշինյանը շեշտեց, որ առաջիկայում՝ Մայիսի 28-ին, ֆրանսիայի նախագահի արածը պարզապես ցույց կտա՝ նկատի ունենալով այն, որ այդ օրը ցուցադրվելու են վերջին տարիներին ձեռք բերված զինատեսակները, որոնց շարքում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում Հայաստան բերված ռազմական տեխնիկան ուրույն տեղ ունի։ Վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հռչակագրեր է ստորագրել տարբեր երկրների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցությունն է բարձրացվել նոր մակարդակի, նաև՝ օրերս ԵՔՀ-ի համաժողովի շրջանակում ստորագրված փաստաթղթերի արդյունքում։ Ի՞նչ նոր հնարավորություններ են ենթադրում դրանք։ Փաշինյանը մանրամասնեց.

«Օրինակ, Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթաժողովի ընթացքում 5 ընկերությունների հետ փոխանակվեցին մտադրությունների հուշագիր։ Սա նշանակում է նոր ֆինանսական ներդրումների և նոր շուկաների, նոր պատվերների հնարավորություն այդ ընկերությունների հետ։ Հաջորդը՝ Ֆրանսիայի հետ մենք շատ կարևոր թուղթ ստորագրեցինք՝ Բարգուշատի թունելի կառուցման կապակցությամբ։ Այստեղ մենք կրկնակի էֆեկտ ենք սպասում։ Նաև ուզում եմ ընդգծել, որ ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում ճանապարհաշինության և թունելներ կառուցելու մեջ։ Ուզում եմ հիշեցնել, որ երկար տարիներ մենք Հայաստանում նոր թունել չենք կառուցել»։

Փաշինյանի գնահատմամբ՝ ԵՄ հայտարարությունը, որով եվրոպացի ներդրողներին կոչ է արվում ներդրումներ կատարել Հայաստանում, նոր շուկաների և բիզնես հնարավորությունների հիմք է ստեղծում հայկական ընկերությունների համար։ Որպես օրինակ, վարչապետը մատնանշեց գինու արտադրության ոլորտը՝ ընդգծելով, որ որոշ ուղղություններով արտադրական ծավալներն արդեն մեծացնելու անհրաժեշտություն կա։

«Տնտեսական և ներդրումային պլանը՝ 25 միլիարդ եվրո, որի մոտավորապես 600 միլիոնն իրականացվել է, բայց մենքդեռ 2 միլիարդի ռեսուրս ունենք։ Այստեղ պետք է հասկանան, որ այդ գումարները պետք է նաև համապատասխանեցնեն բիզնեսները, իրենց ծրագրերը և ստանդարտները»։

Խաղաղության պայմաններում ավելի մեծ հնարավորություններ. ԵՄ-ի հետ քննարկվում է նաև Հայաստանի հյուսիսով անցնող ճանապարհների զարգացման հնարավորությունը՝ փակագծեր բացեց Փաշինյանը։ Դրան գումարած TRIPP-ի իրականացումը։

Արևելքից-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով, ինչի մասին Երևանում խոսեց նաև Եվրահանձնաժողովի նախագահը։ Այդ ամենը, Փաշինյանի խոսքով, տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար։ Վարչապետն անդրադարձավ նաև ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու վերաբերյալ հարցին՝ շեշտելով, որ այդ հայտը ներկայացված է ընդունված օրենքով, իսկ այդ առումով տեղաշարժ կարելի է ակնկալել, երբ երկիրը լիովին համապատասխանի ԵՄ ստանդարտներին։

Այդ նպատակով էլ կառավարությունը կենտրոնացած է բարեփոխումների օրակարգի վրա, որ երկիրը, վարչապետի ձևակերպմամբ, անկեղծորեն, լիարժեքորեն ու իրականում համապատասխանի այդ ստանդարտներին։          

Կարդացեք նաև

Back to top button