ԵՄ-ն առաջին անգամ ներկայացրել է աղքատության դեմ պայքարի իր ռազմավարությունը։
Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է միջոցառումներ ձեռնարկել, որոնք կօգնեն կրճատելու աղքատության ռիսկի տակ գտնվող մարդկանց քանակը: Ի թիվս այլ քայլերի, ռազմավարությունը նախատեսում է նաև բարելավել երեխաների, անօթևանների և հաշմանդամների կյանքը։
Ներկայումս աղքատությունը ԵՄ-ում սպառնում է յուրաքանչյուր հինգերորդ մարդուն և յուրաքանչյուր չորս երեխայից մեկին։
Աղքատության դեմ պայքարի առաջին համապարփակ ռազմավարությամբ ԵՄ-ն նպատակ ունի մինչև 2030 թվականը առնվազն 15 միլիոնով կրճատելու աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ գտնվող մարդկանց թիվը։ Նոր ռազմավարությունը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը: Ըստ այդմ՝ երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 2050 թվականը, ԵՄ-ն նպատակ ունի ամբողջությամբ վերացնելու աղքատությունը։
Հանձնաժողովը աղքատության դեմ պայքարի ռազմավարությունը մշակել է Եվրոպայում աճող սոցիալական խնդիրները հաշվի առնելով, քանի որ ներկա միտումներով աղքատությունը ԵՄ-ում սպառնում է յուրաքանչյուր հինգերորդ մարդուն և յուրաքանչյուր չորրորդ երեխային։
ԵՄ երկրներում 93 միլիոն մարդ ֆինանսական դժվարությունների մեջ է։ Խոցելի են հատկապես միայնակ մայրերն ու հայրերը, ինչպես նաև 16-ից 29 տարեկան երիտասարդները:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ռոքսանա Մինզատուի կարծիքով իրավիճակը կշարունակի վատթարանալ առկա աշխարհաքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում:
ԵՄ ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը մանկական աղքատության դեմ պայքարն է, օրինակ՝ կրթության, առողջապահության և նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավման միջոցով:
Նախատեսվում է նաև ընդլայնել հոգեկան առողջության ծրագրերը։
Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է ավելի արդյունավետ միջոցներ կիրառել բնակարանային խնդիրները լուծելու համար։ Սա նշվում է, հաշվի առնելով, որ ԵՄ-ում մոտ 1 միլիոն մարդ անօթևան է, և շատ քաղաքներում մատչելի բնակարաններ չկան։
Ուշադրության կենտրոնում է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը։ Այդ անձինք զբաղվածության զգալիորեն ցածր հեռանկարներ ունեն և ավելի հավանական է, որ տառապեն աղքատությունից, գրում է DW-ն։
Այս ռազմավարությունն առանձին ֆինանսավորում չի նախատեսում. Բրյուսելը առաջարկում է կենտրոնանալ առկա միջոցների ավելի արդյունավետ օգտագործման վրա։ Մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ ԵՄ-ի հաջորդ բյուջեն մի քանի տարվա ընթացքում առնվազն 100 միլիարդ եվրո պետք է հատկացնի սոցիալական կարիքների համար։ Իսկ Եվրոպական ներդրումային բանկը և այլ հաստատություններ նախատեսում են մի քանի միլիարդ եվրո ներդնել սոցիալական ենթակառուցվածքներում։
Եվրոպական հանձնաժողովի առաջարկները կներկայացվեն ԵՄ երկրների քննարկմանը։
AP գործակալությունը կադրեր է հրապարակել, որտեղ տեղահանված պաղեստինցիները պատմում եմ իրենց ծայրահեղ աղքատ վիճակի մասին․
«Հավատացեք մահն ավելի լավ է, քան այս կյանքը, որովհետև այստեղ մենք գրեթե մեռած ենք։ Եթե մենք մեռած լինեինք, ավելի լավ կլիներ։ Ջուրը պայքար է, սնունդ չկա, կազմակերպություններ չկան, և մեր երեխաները ամբողջ օրը նստում են աղբանոցների կողքին՝ հավաքելով ստվարաթուղթ, որ կրակ վառեն և երեխաների համար կերակուր պատրաստեն»։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Զոի Բրենան նախօրեին փաստել է, որ հակամարտություններով, բռնությամբ պայմանավորված՝ մեծանում է ինչպես տեղահանված անձանց թիվը այնպես էլ աղքատությունը՝
«2024 թվականի վերջին մոտավորապես 83.5 միլիոն մարդ է տեղահանվել է իրենց երկրներում, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր թիվն է՝ պայմանավորված հակամարտություններով, բռնությամբ և աղետներով: Սա ընդգծում է, որ տեղահանությունների մեծ մասը տեղի է ունենում երկրների ներսում, այլ ոչ թե սահմաններից դուրս»:
Աճող աղքատության պայմաններում ավելի ու ավելի շատ գումարներ են ծախսվում պատերազմների համար։ Օրինակ, օրեր առաջ Պենտագոնի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովին տեղեկացրեց, որ Իրանում ռազմական գործողության համար Միացյալ Նահանգները ծախսել է 25 միլիարդ դոլար։ Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը հրապարակայնորեն ներկայացնում է ռազմական գործողության արժեքը։
Միջազգային մամուլը, սակայն, գրում է, որ այդ թիվը կրկնակի մեծ է։




