
Մայիսի 4-5-ին աշխարհի ուշադրության կենտրոնում լինելու է Երևանը։ Պատճառն արդեն պատմական գնահատված երկու միջոցառումներն են՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին համաժողովը։ Դեռ Երևան չհասած՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան առաջին ուղերձներն է հղել, Եվրահանձնաժողովն էլ հրապարակել է գագաթնաժողովի օրակարգը՝ հիշեցնելով ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր ուղղությունները և ընդգծելով, որ դրանք հիմնված են ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա։ Հանձնաժողովը շեշտել է նաև, որ ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր դոնորն է, որը զգալի օգնություն է տրամադրել երկրի անկախացումից ի վեր։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ երևանյան գագաթնաժողովը կհամանախագահեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Եվարահանձնաժողովի կայքում հրապարակված օրակարգից տեղեկանում ենք, որ շուրջ 48 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները Երևանում կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
Առանցքում կլինեն նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը։
Գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը կհաջորդի լիագումար նիստը, կեսօրից հետո նախատեսված են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ։ Եվրահանձնաժողովը, օրակարգի հրապարակմանը զուգահեռ, մեջբերել է Անոտոնիո Կոշտայի ուղերձը։
«Ընդհանուր արժեքներով և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ առաջնորդվելով՝ ԵՄ-Հայաստան այս կարևորագույն գագաթնաժողովը կխորացնի երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև կնշանակի կարևոր ներդրում Հարավային Կովկասում խաղաղության, կապի և բարգավաճման ամրապնդման գործում»։
Եվրոպական քաղաքական համայնքի կարևոր իրադարձություններից մեկը Հայաստանում անցկացնելու որոշումն արդեն պատմական գնահատումն է ստացել։ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը X-ում գրել է․
«Մենք պատմական հնարավորություն ունենք ամրապնդել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, խթանել բարեփոխումները և աջակցել տարածաշրջանային խաղաղությանը։ Սա կարևորագույն պահ է, որը պահանջում է Եվրամիության աջակցությունն ու հանձնառությունը՝ խոսքով և կոնկրետ գործերով»։
Ըստ միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի՝ Եվրոպական քաղաքական համաժողովը Երևանում՝ Հարավային Կովկասի սրտում անցկացնելը ընդգծում է դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։ Մասնավորապես, ըստ ինստիտուտի, սա լավ հնարավորություն է գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը հետկոնֆլիկտային շրջանում։
Ինստիտուտն ընդգծում է նաև, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2022 թվականին գործարկումից ի վեր վերածվել է ԵՄ պաշտոնական կառույցներից դուրս բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական համակարգման ճկուն հարթակի, որը թույլ է տալիս առաջնորդներին ընդհանուր մարտահրավերները քննարկել ոչ սահմանափակ միջավայրում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկ անվտանգությունը շարունակում է կրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման ազդեցությունը՝ մասնակիցները կքննարկեն, թե ինչպես տարածաշրջանային համագործակցությունը կարող է նվազեցնել խոցելիությունը» ։
Հայ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ անկախ քննարկվելիք թեմաների բովանդակությունից, տարածաշրջանում նման մասշտաբի միջոցառում կազմակերպելն արդեն կարևոր ուղերձ է։ «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը․
«Հայաստանի ներկայացվածությունն է և կարևորությունն է եվրոպական օրակարգում։ Սա ուղերձ է նաև ԵՄ կողմից, որ կարևորում են Հայաստանը այս տարածաշրջանում, Հարավային Կովկասը չէ, շատ ավելի լայն տարածաշրջանում, որպես այն կարևոր հենարանը, որի վրա նաև ԵՄ-ն որոշակի հույս է դնում արժեքային տեսանկյունից ևս։ Ըստ էության նաև սա ուղերձ է ցույց տալու, որ Հայաստանն է այն պետությունը, որը գոնե քիչ թե շատ տրամադրված է ժողովրդավարություն ունենալուն, այդ ուղղությամբ աշխատում ենք։ Հայաստանն է այս պահին աշխարհում ընդհանրապես և բնականաբար, նաև այս տարածաշրջանում միակ պետությունը, որի հետ այս պահին ԵՄ-ն բանակցում է վիզայի ազատականացման ռեժիմի ուղղությամբ»։
Օրակարգում կարմիր գծով անցող թեմաներից մեկի՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին քաղաքական ելույթները երևանյան հարթակում կարո՞ղ են դժգոհության առիթ դառնալ Հայաստանի հարևան Ռուսաստանի համար։ Կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը մտավախությունների լուրջ հիմքեր չի տեսնում․
«Իսկ Ռուսաստանի ղեկավարները չե՞ն գալիս հակաեվրոպական և հակաամերիկյան հայտարարություններ անում Երևանից։ Հո Հայաստանի վրա չի՞ դրա պատասխանատվությունը։ Հայաստանը տարածք է, որտեղից շատ տարբեր բաներ կարող են խոսվել։ Բայց սա չի նշանակում, թե սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ Ես գրեթե վստահ եմ, որ այս լիդերների մեծ մասը Իրանի պաշտպանությամբ են հանդես գալու շատ հարցերում։ Ամերիկացիների հետ դա մեր համար խնդի՞ր է լինելու։ Ո՛չ, իհարկե։ ԵՄ-ն շատ կոնկրետ հակասություններ ունի, օրինակ, Իրանի հարցում Միացյալ Նահանգների հետ, և մենք այդ հակասությունների համար տարածք չենք։ Մենք ուղղակի մի տեղ ենք, որտեղ այդ ամենը տեղի է ունենում։ Մարդկանց արած տարբեր հայտարարությունները չի նշանակում, որ դա մեր հայտարարությունն է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե սպասո՞ւմ է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, հայտարարել էր, որ իր համար չսպասված հյուրեր չկան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս գագաթնաժողովին մասնակցելու համար առաջին անգամ Հայաստան կգա։
Ադրբեջանի նախահահ Իլհամ Ալիևը, թեև հրավիրվածների ցուցակում էր, արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու գագագաթնաժողովին։ Թուրքիայի նախահահ Էրդողանը ևս հրավիրվածների ցանկում է, բայց նրա փոխարեն Երևան կժամանի Թուրքիայի փոխնախագահը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը կտարբերվի մյուս առաջնորդների այցից։ Վերջինս հայտարարել է, որ պետական այցով է գալիս Հայաստան՝ մայիսի 3-5-ը։
Ընդհանուր առմամբ՝ այս օրերին Երևանում մոտ 20 փաստաթուղթ կստորագրվի։ Դրանցից մեկի մասին մանրամասնել է Եվրահանձնաժողովը․
«Գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև (FRONTEX) միջև աշխատանքային համաձայնագիր կստորագրվի»։
Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը հաղորդակցության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ուղղություններով գործակցությունը։ Նշվում է, որ դա կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու նախաձեռնություններով։
Մայիսի 5-ին նախատեսվում է փաստաթղթերի ամենամեծ փաթեթի ստորագրումը։ Սա արդեն՝ «Երևանյան երկխոսություն» Հայաստան-ԵՄ առաջին համաժողովի և դրա շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի արդյունքներով։
Մայիսի 5-ի երկոյան «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում նախատեսված է նաև «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում։ Դրան մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող 18-35 տարեկան երիտասարդները:
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, մարտահրավերներն ու հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները՝ փոխանցում են արտաքին գերատեսչությունից։




