Հրեշավոր արարք, հրեշավոր պատասխան
2023 թվականի հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչները Գազայից հարձակվել են հրեական բնակավայրերի վրա: Սպանվել է մոտ 1200 խաղաղ բնակիչ, պատանդառվել է ավելի քան 250-ը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 5500 հրեաներ: Ի պատասխան այդ հրեշավոր հարձակման, Իսրայելի բանակը սկսել է հրթիռակոծել և ռմբահարել Գազայի տարածքը, ինչը ոչ պակաս հրեշավոր հետևանքների է հանգեցրել:
«Գազան այլևս երբեք նույնը չի լինի»,- ասել են Հրեից պետության ղեկավարները: Նրանք ի կատար են ածել սպառնալիքը. Գազան այսօր հիշեցնում է միջուկային ռումբից ավերված քաղաք:
Պատերազմի առաջին իսկ օրերից Իսրայելի պետությունը խստագույն հսկողություն է հաստատել Գազայի իրադարձությունների լուսաբանման վրա: Անկախ լրագրողների մուտքն էապես սահմանափակվել է:
Գազայում աշխատելու համար անհրաժեշտ է ստանալ տարատեսակ թույլտվություններ: Այդ խոչընդոտները պահպանվում են չնայած այն բանին, որ ավելի քան կես տարի առաջ կողմերը հրադադար են հայտարարել:
Անկախ լրագրությունը՝ պատերազմի զոհ
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները՝ CNN-ը, BBC-ին, DPA-ն, Reuters-ը, Associated Press-ը, Washingon Post-ը և այլ ԶԼՄ-ներ համատեղ նամակով դիմել են Իսրայելի իշխանություններին՝ պահանջելով չեղարկել Գազա անկախ եղանակով մուտք գործելու և ռեպորտաժներ պատրաստելու օտարերկրացի լրագրողների նկատմամբ սահմանված արգելքը:
Իսրայելցիները պնդել են, թե այն անհրաժեշտ է բանակի ստորաբաժանումների տեղաշարժի մասին տվյալների հրապարակումը կանխելու համար: Բացի այդ, Իսրայելի պաշտոնյաներն ասել են, որ ակտիվ մարտական գործողությունների էպիկենտրոն մեկնելը վտանգավոր է հենց լրագրողների համար:
Բանակը երբեմն օտարերկրացի լրագրողների խմբեր է տարել Գազա, սակայն ուղևորության ընթացքում նրանք մշտապես գտնվել են զինվորականների հսկողության ներքո: Մինչդեռ, լրագրողները ցանկանում են ազատ տեղաշարժի իրավունք, նույնիսկ ընդունելով, որ ռազմական գործողությունների գոտում մնալն ինքնին վտանգավոր է:
Տեղում լսել մարդկանց պատմությունները
«Գետնի վրա գտնվելը, քաղաքացիական անձանց հետ տեղում խոսելը, նրանց պատմությունները լսելը չափազանց կարևոր է։ Տվյալ պահին ծանր մարտեր այլևս չկան, պատանդները տուն են վերադարձել, լրագրողները վտանգ չեն իսրայելցի զինվորների համար: Օգնություն տրամադրողները կարող են մտնել Գազա և դուրս գալ, ինչո՞ւ նույն իրավունքը չի տրվում լրագրողներին»,- ասվում է հեղինակավոր արևմտյան ԶԼՄ-ների ավագ խմբագիրների համատեղ նամակում:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմում Գազայում զոհվել է ավելի քան 73 հազար մարդ, նրանցից ավելի քան 21 հազարը՝ երեխաներ: Ենթադրվում է, որ զոհերի իրական թիվը կարող է գերազանցել 100 հազարը: Զոհվել են նաև ավելի քան 200 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ:




