ՌեպորտաժներՍպորտ

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029թ․ երիտասարդական առաջնությունը

Դիանա Միքայելյան
Ռադիոլուր

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։ Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում։

2029 թվականին կայանալիք ֆուտբոլի մինչև 20 տարեկանների (U20) աշխարհի առաջնության շրջանակում Հայաստանում նախատեսվում է անցկացնել շուրջ 30 հանդիպում: Ակնկալվում է, որ մրցաշարի ընթացքում երկիր կայցելի ավելի քան 100000 երկրպագու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել վրացի գործընկերներին։

Նիկոլ Փաշինյան. «Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել այս հաջողության առիթով: Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի մեր գործընկերներին և անձամբ վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ այս հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար»:

Առաջնության կազմակերպման նպատակով Հայաստանում կձևավորվի աշխատանքային խումբ, որը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյան․ «Նախ պետք է աշխատանքային խումբ, կազմկոմիտե ձևավորենք՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Քննարկումներ կանցկացվեն վրացի գործընկերների և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների հետ՝ համատեղ կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը պարզելու համար: Սակայն այնուամենայնիվ աշխատանքների հստակ կոորդինացնելու անհրաժեշտություն կա։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է, որ Կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում մարզադաշտերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ ընթացքի մեջ է Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը․ այն պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիային։ Վերակառուցման արդյունքում մարզադաշտը կունենա մինչև 12 000 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ Նախորդ տարի որոշում է կայացվել նաև Իջևանում նոր մարզադաշտ կառուցելու վերաբերյալ։ Այն ևս կլինի նույն՝ չորրորդ կատեգորիայի։  

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան․ «Արդեն իսկ մարզպետարանի հետ համատեղ ավարտել ենք հողային աշխատանքները և ունենք մարզադաշտի կառուցման առաջարկը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Նախորդ փուլում աշխատանքները բավականին ինտենսիվ են ընթացել, և այժմ էլ շարունակելու ենք համակարգված աշխատել, որպեսզի պատշաճ պատրաստվենք»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց  նաև, որ առաջիկայում ՖԻՖԱ-ի գործընկերները կայցելեն Հայաստան և կքննարկեն առաջնության կազմակերպմանն առնչվող գործողությունների ճանապարհային քարտեզը։ Նախարարի խոսքով՝  առաջնության կազմակերպման գործընթացում կարևոր է լինելու տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, քանի որ ակնկալվում է ոչ միայն մեծ թվով զբոսաշրջիկների, այլև կազմակերպական հարցերով զբաղվող մեծ անձնակազմի ժամանակավոր գործունեություն Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկիրը պետք է պատշաճ կերպով պատրաստվի մարզական մեծ իրադարձությանը։ Այս հարցում կարևոր է ոչ միայն կառավարության աշխատանքը, այլև  մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը։ Քանի որ սպասվում է շուրջ 100 հազար զբոսաշրջիկի այց, միայն պետական ջանքերը բավարար չեն լինի նրանց որակյալ սպասարկումն ապահովելու համար։

Նիկոլ Փաշինյան. «Հարգելի՛ գործընկերներ, 100 հազար զբոսաշրջիկ. վստահ չեմ, թե մենք երբևէ երկու ամսվա ընթացքում այսքան մեծ թվով մարդկանց ընդունել ենք։ Ուստի պետք է քաջալերենք հյուրանոցային ոլորտի այն ներդրումները, որոնք այս պահին ընթացքի մեջ են»։

Պատրաստվելու խնդիր, ըստ վարչապետի, ունեն բոլոր ոլորտները։ Մասնավորապես, հանրային սննդինը։

Նիկոլ Փաշինյան․ «Երկրորդը հանրային սննդի ոլորտում։ Այդքան մարդ մտնեն ասենք, ենթադրենք, Իջևան, կարողա սնունդը վերջանա էնտեղ մի օրում։ Որովհետև այդքան առևտուր այդքան երկրպագու և այլն»։

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում տարբեր մարզաձևերից տարբեր առաջնություններ են անցկացվել։ Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը կլինի Ֆուտբոլային առաջին մեծ մրցաշարը Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button