
Մայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրա։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանեն 48 պետությունների ղեկավարներ։
Համաժողովը կընթանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան-ԵՄ առաջին համաժողովը։ Քաղաքական երկու միջոցառումներն էլ պաշտոնական Երևանը պատմական իրադարձություն է գնահատում։
Երևանի փոքր կենտրոնում գտնվող լավագույն հյուրանոցները պատրաստվում են հյուրընկալել շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակությունների։ Թեև մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխված է, բայց արդեն հասկանալի է, որ այդ օրը Երևանի փողոցներում տեղաշարժվելը բարդ է լինելու՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին հյուրընկալելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատճառով։
Գագաթնաժողովը համանախագահելու և հիմնական ելույթներով հանդես են գալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: Գագաթնաժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է Հայաստանի վարչապետի ուղերձը մասնակիցներին։
«Եվրոպայում խորը անցումային և փոխակերպման ժամանակաշրջանում Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է երկխոսության եզակի և ներառական հարթակ։ Երևանի գագաթնաժողովը կհիմնվի այս ոգու վրա՝ միավորելով առաջնորդներին և գործընկերներին՝ համագործակցությունը ամրապնդելու, վստահությունը բարձրացնելու և անվտանգ, խաղաղ և միավորված Եվրոպայի համար ընդհանուր տեսլականը առաջ մղելու համար։ Գագաթնաժողովը Երևանում անցկացնելը հատուկ նշանակություն ունի։ Որպես աշխարհի ամենահին անընդհատ բնակեցված քաղաքներից մեկը՝ Երևանը հանդիսանում է դիմացկունության և նորացման խորհրդանիշ՝ արտացոլելով Հայաստանի դերը որպես կամուրջ տարածաշրջանների և մշակույթների միջև»։
Անկախ միջոցառման օրակարգից, քննարկվելիք հարցերից և արդյունքներից՝ վերլուծաբանները կարևորում են նման մասշտաբի միջոցառման կազմակերպումը։ Գագաթնաժողովին հաջորդելու է Հայաստան-ԵՄ առաջին համաժողովը։ Տարածաշրջանում առաջին անգամ նման միջոցառումներ կազմակերպելն արդեն իսկ կարևոր ուղերձ է՝ կարծում է, «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Հայաստանի ներկայացվածությունն է և կարևորությունն է եվրոպական օրակարգում։ Սա ուղերձ է նաև ԵՄ կողմից, որ կարևորում են Հայաստանը այս տարածաշրջանում, Հարավային Կովկասը չէ, շատ ավելի լայն տարածաշրջանում, որպես այն կարևոր հենարանը, որի վրա նաև ԵՄ-ն որոշակի հույս է դնում արժեքային տեսանկյունից ևս։ Ըստ էության նաև սա ուղերձ է ցույց տալու, որ Հայաստանն է այն պետությունը, որը գոնե քիչ թե շատ տրամադրված է ժողովրդավարություն ունենալուն, այդ ուղղությամբ աշխատում ենք։ Հայաստանն է այս պահին աշխարհում ընդհանրապես և բնականաբար, նաև այս տարածաշրջանում միակ պետությունը, որի հետ այս պահին ԵՄ-ն բանակցում է վիզայի ազատականացման ռեժիմի ուղղությամբ»։
Տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ ժողովրդավարական դիմակայունության, փոխկապակցվածության, էներգետիկ և տնտեսական հարցերով պանելային քննարկումներից բացի, գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու նաև տարածաշրջաններն ու հակամարտությունները։ Քննարկման առանցքային ուղղություններից մեկը Հարավային Կովկասն է, որն օրակարգում ներառված է մի քանի շերտերով։
Տարածաշրջանային կապակցվածության թեման գագաթնաժողովի երեք գլխավոր սյուներից մեկն է: Քննարկումները կենտրոնանալու են Հարավային Կովկասի՝ որպես Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային, էներգետիկ և թվային հանգույցի վրա: Այստեղ առավելապես խոսվելու է «Միջին միջանցքի» և «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում՝ TRIPP նախագծի իրականացման մասին։ Կարևոր հարցերից են նաև խաղաղությունն ու անվտանգությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և խաղաղության պայմանագիրը։
Հատկանշական է, որ չնայած Ադրբեջանի նախագահը հրավիրված է, բայց չի ծրագրում անձամբ մասնակցել Երևանի հանդիպմանը, պատվիրակություն նույնպես չի գործուղվելու։
Հայաստանյան ընդդիմությունն, ի դեպ նույնպես պատրաստվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ընդհանուր գաղափարի շուրջ այս դեպքում միավորվել են հայաստանյան վեց կուսակցություններ, որոնք այլ հարցերի շուրջ հաճախ հակադիր դիրքորոշումներ են ունեցել։ Եվրոպական տարբեր քաղաքական միավորներին անդամակցող Հայաստանի հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Ժառանգություն և Արցախի դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունները նամակ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Նամակի բովանդակությունը փոխանցում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը․
«Այդ նամակում մենք օգտագործում ենք գալիք եվրոպական գագաթաժողովի առիթը, որը կայանալու է մայիս 4-ին և 5-ին որպես ոչ թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուին լուռ հետևելու առիթ, այլ այդ առիթով Հայաստանի մասին դառը ճշմարտությունը բարձրաձայնելու առիթ։ Այստեղ զետեղված են 6 հիմնական ուղղություններ։ Առաջին չորսը վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին և մամուլի ազատությանը, իսկ վերջին երկուսը վերաբերում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությանը և արցախահայության խնդիրներին։ Սա է մեր պահանջը»։
Դիմումի էլեկտրոնային տարբերակը հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նախօրեին արդեն ուղարկել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլային, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարներին, արտաքին քաղաքական հանձնաժողովին և ազգային կառավարություններին, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի ղեկավարներին։
Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը կարող է պարունակել ենթադրյալ մեկ այլ սկանդալ ևս։ Քանի որ Ուկրաինայի թեման գագաթնաժողովի անբաժան կետերից մեկն է, արդեն հիմա ենթադրություններ են հնչում, որ քաղաքական ելույթները երևանյան հարթակում կարող են առաջացնել Ռուսաստանի դժգոհությունը։ Մինչդեռ կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը մտավախությունների լուրջ հիմքեր չի տեսնում։
«Իսկ Ռուսաստանի ղեկավարները չե՞ն գալիս հակաեվրոպական և հակաամերիկյան հայտարարություններ անում Երևանից։ Հո Հայաստանի վրա չի՞ դրա պատասխանատվությունը։ Հայաստանը տարածք է, որտեղից շատ տարբեր բաներ կարող են խոսվել։ Բայց սա չի նշանակում, թե սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ Ես գրեթե վստահ եմ, որ այս լիդերների մեծ մասը Իրանի պաշտպանությամբ են հանդես գալու շատ հարցերում։ Ամերիկացիների հետ դա մեր համար խնդի՞ր է լինելու։ Ո՛չ, իհարկե։ ԵՄ-ն շատ կոնկրետ հակասություններ ունի, օրինակ, Իրանի հարցում Միացյալ Նահանգների հետ, և մենք այդ հակասությունների համար տարածք չենք։ Մենք ուղղակի մի տեղ ենք, որտեղ այդ ամենը տեղի է ունենում։ Մարդկանց արած տարբեր հայտարարությունները չի նշանակում, որ դա մեր հայտարարությունն է»։
Փոխարենը կոնֆլիկտաբանն առաջարկում է դիտարկել գագաթնաժողովից ստացվող հնարավոր օգուտները։
«ԵՄ-ն իր ողջ գործիքակազմով ցույց է տալիս լրջությունը Հայաստանի հետ հարաբերությունների, սրանով նաև ի չիք դարձնելով այն փաստարկը, թե՝ կերազեք, կերազեք, ոչինչ էլ չի ստացվի։ Մեզ համար շատ կարևոր է, աշխարհի համար է կարևոր, այդ երկու-երեք օրերը համաշխարհային մամուլի էջերից չի իջնելու Հայաստանը։ Ավելին ասեմ` այստեղ միայն Հայաստան չի քննարկվելու և սա էլ է շատ կարևոր։ Չեն գալիս Հայաստան քննարկելու, գալիս են աշխարհի հարցերը քննարկեն։ Երևանյան համաձայնագրեր են լինելու, երևանյան հայտարարություններ են լինելու, դրա հեռահար էֆեկտը պատկերացրեք։ Այդ մակարդակի լիդերներ են գալիս, հայտարարություններ են անում շատ տարբեր ուղղություններով, ընդ որում նաև շատ հարցերում պարտադիր չի, որ հենց Հայաստանի դիրքերից լինի»։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում բեկումնային շրջադարձ մտցրեց հենց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ առաջին գագաթնաժողովի ժամանակ կողմերը հնչեցրեցին Պրահայի հայտնի հայտարարությունները։




