
Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար հայրենիքը հաճախ սկսվում է դասագրքերի պատմություններից, եկեղեցական պատարագներից կամ տատիկի պատմած հեքիաթներից։ Սակայն սիդնեյաբնակ լրագրող Մելոդի Սևակյանի համար Հայաստանն այլևս լոկ քարտեզի վրա գծված սահման չէ կամ հեռավոր երազանք. այն նրա առօրյան է, նրա աշխատավայրը և նրա ինքնության նոր հանգրվանը։
Հեռավոր Սիդնեյից մինչև Երևանի սիրտը
Մելոդին ծնվել է Ավստրալիայում՝ Մերձավոր Արևելքից գաղթած հայ ընտանիքում։ Չնայած աշխարհագրական մեծ հեռավորությանը, նրա մանկությունը հագեցած է եղել հայկականությամբ։ Հայկական դպրոցը, համայնքային կյանքն ու մոր՝ հայերենի ուսուցչուհի լինելու հանգամանքը նրա մեջ վառ են պահել ազգային ոգին։ «15 տարեկանիս առաջին անգամ եկայ Հայաստան եւ ինքզինքիս ըսի՝ պէտք է ետ գամ ու հոս ապրիմ օր մը»,- հիշում է Մելոդին։ Այդ օրը եկավ տարիներ անց. որոշեց կամավորության միջոցով վերադառնալ արմատներին։ Այսօր նա արդեն մեկուկես տարի է, ինչ ապրում է Երևանում՝ աշխատելով EVN Report-ում և համագործակցելով AVC-ի՝ Հայ կամավորների միության հետ։

Հայ կամավորների միությունը՝ որպես մասնագիտական կամուրջ
Հայ կամավորների միության (AVC) հետ համագործակցությունը Մելոդիի համար դարձավ այն վստահելի հարթակը, որը հնարավորություն տվեց սահուն կերպով ինտեգրվել հայաստանյան աշխատաշուկային և հասարակական կյանքին: Լինելով կազմակերպության կամավոր՝ նա ներգրավվեց մասնագիտական տարբեր ծրագրերում, որտեղ իր լրագրողական փորձն ու արևմտյան կրթությունը ծառայեցրեց տեղական մեդիա նախագծերի զարգացմանը: AVC-ն նրա համար դարձավ ոչ միայն աշխատանքային հարթակ, այլև մի յուրահատուկ միջավայր, որն օգնեց հաղթահարել առաջին ամիսների կազմակերպչական դժվարությունները և գտնել համախոհների, ովքեր նույնպես վերադարձել էին հայրենիք՝ իրենց մասնագիտական ներուժը ներդնելու տեսլականով:
Բախում իրականության հետ. «Ժամերը քիչ մը ճկուն են»
Հայրենիքում հաստատվելը զերծ չէր մշակութային զարմանալի բացահայտումներից։ Ավստրալիական խիստ կարգուկանոնին սովոր երիտասարդ լրագրողի համար Հայաստանի կյանքի տեմպը սկզբում տարօրինակ էր թվում։
«Աւստրալիոյ մէջ ամբողջ կեանքդ պէտք է ռեժիմով ըլլայ, իսկ հոս մարդիկ աւելի հանգիստ են, ժամերը քիչ մը աւելի «flexible» են»,- նշում է նա ժպիտով։ Մելոդիի համար այս հանգստությունն ու մարդկային անմիջականությունը դարձան հայաստանյան կյանքի ամենագրավիչ կողմերից մեկը։ Նա սովորեց ընդունել հայրենիքն իր բոլոր թերություններով ու առավելություններով՝ սկսած տաքսու վարորդների հետ զրույցներից մինչև աշխատանքային ընդմիջումների յուրահատուկ մշակույթը։
Արևմտահայերենը՝ որպես սրբազան ավանդ
Մելոդին խոսում է մաքուր, զնգուն արևմտահայերենով, որը նրա ընտանիքի ամենամեծ գանձն է։ Չնայած Հայաստանում երբեմն հանդիպող լեզվական պատնեշներին կամ տեղացիների զարմացած հայացքներին, նա հավատարիմ է մնում իր լեզվին. «Մայրս միշտ կը պատուիրէր՝ արեւմտահայերէն լեզուդ չմոռնա՛ս, այսպէ՛ս պիտի խօսինք»։
Այսօր, երբ արևմտահայերենը համարվում է վտանգված լեզու, Մելոդիի նման երիտասարդների ներկայությունը Հայաստանում լեզվական երկու ճյուղերի միաձուլման և լեզվի կենսունակության լավագույն երաշխիքն է։
Հայաստանը՝ աշխարհի աչքերով
Որպես շատ ճանապարհորդած մարդ՝ Մելոդին Հայաստանը տեսնում է որպես զբոսաշրջային անսպառ հնարավորությունների երկիր։ Նրա կարծիքով՝ մենք պետք է աշխարհին ներկայանանք ոչ միայն մեր պատմությամբ ու գինով, այլև մեր լեռներով ու ակտիվ հանգստի հնարավորություններով։ «Հայաստանի պէս երկիր չկայ աշխարհի վրայ։ Այնքան «խենթանալիք» տեղ մըն է»,- ոգևորությամբ ասում է նա՝ շեշտելով, որ Հայաստանի իրական գովազդը պետք է լինի նրա բնությունն ու երիտասարդական էներգիան։
Կոչ Սփյուռքի երիտասարդությանը
Մելոդի Սևակյանի պատմությունը ոչ միայն կամավորության հաջողված փորձ է, այլև պատգամ՝ ուղղված Սփյուռքին։ Նա հորդորում է երիտասարդներին չբավարարվել հեռվից սիրելով, այլ գալ և զգալ Հայրենիքի շունչը։ «Մենք չենք կրնար մեզ հայ կոչել, եթէ մեր մէջ չունենանք այն կրակը, որ մեզ դէպի հայրենիք կը մղէ։ Պէտք է գալ, տեսնել իսկական Հայաստանը, ոչ թէ միայն այն, ինչ որ գրքերուն մէջ գրուած է»։
Մելոդին այսօր Հայաստանում է, որովհետև գտել է իր տեղը, իր շրջանակն ու իր առաքելությունը։ Նրա պատմությունը ապացույցն է այն բանի, որ հայրենադարձությունը ոչ թե ավարտ է, այլ նոր ու լուսավոր սկիզբ։




