ԿարևորՏնտեսական

ԿԲ. Արժութային շուկայում տեղի ունեցող երեւույթները կարճաժամկետ բնույթ են կրում

Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին, ասված է ԿԲ այսօր տարածած հայտարարաության մեջ։

«Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների։

Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ, հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան։

Ավելի վաղ ԿԲ- ն հայտնել էր, որ այսօր արժութային շուկայում 1 դոլարի դիմաց ձեւավորվել է 442.33 դրամ միջին փոխարժեք, որը 7.07 դրամով բարձր է նախորդ օրվանից։ Մեկ եվրոյի փոխարժեքը 549.95 դրամ է՝ 7.40 դրամով նախորդ օրվանից ավելի բարձր, իսկ ռուսական ռուբլին մեկ օրում թանկացել է 0,17 դրամով՝ կազմելով 8.49 դրամ։

Կարդացեք նաև

Back to top button