
Միլենա Ավանեսյան
«Ռադիոլուրի» համար
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ բաժանորդ դառնալու, այսինքն սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու վճարները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կնվազեն մոտ 30-40 տոկոսով, ուժի մեջ կմտնի արդեն արդեն օրերս, ենթադրաբար՝ ապրիլի 23-ից՝ մանրամասնում է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը․
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր վաղվանից նոր դիմում–հայտեր կներկայացնեն իրենց սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու, այսինքն նոր բաժանորդ դառնալու, վճարները կկատարվի նոր սակագներով, մինչև 40 տոկոս ավելի ցածր սակագներով՝ առանձնատների, բազմաբնակարան շենքերի բնակարանների, իսկ իրենց մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորություների ավելացման գործակիցները կվճարվեն մինչև 55 տոկոս ցածր գործակիցներով»։
Պետբյուջեի վճարվող գումարների նվազումն ինչ հաշվարկով ու ինչի հաշվին է արվում հարցին Պետրոսյանն արձագանքում է՝
«Բարեփոխումն իրականացվել է խնայված միջոցների հաշվին, թե՛ ներդրումային ծրագրերի, և թե՛պահպանման, սպասարկման ծախսերի գործունեության ընթացքում ներգրավված նոր գործիքակազմերի այդ թվում, թափանցիկ, բաց, մրցույթների արդյունքում գնահարցումների, շուկայի գնանշումների և լայն, նոր տնտեսվարողների ոլորտում արտադրող, ներկրող ներգրավման արդյունքում մեզ հաջողվեց գործունեության ինքնարժեքները իջեցներ մինչև 40, 50 շատ դեպքերում նաև մինչև 60 տոկոսով և ահա այդ ահռելի միջոցները մենք ուղղում ենք մեր բնակչության, քաղաքացիների համար կենսական կարևոր հարց լուծելու, այդ ոլորտում էական բարեփոխում անելու համար»։
Պետրոսյանի գնահատմամբ՝ ՀԷՑ-ն այսօր բավականին լավ ֆինանսական վիճակում է։ Կառույցի պետականացման գործընթացի մեկնարկից ի վեր մարել են շուրջ 47մլն դոլարի համարժեք վարկային պարտավորություն, որից 21.5 մլն-ը՝ վաղաժամ, մյուս մասը՝ պլանային։
Այս ընթացքում նաև ցանցի վերազինման աշխատանքներ են տարվել, որոնք նախկինում նախատեսված չէին։ Պետրոսյանը շեշտում է՝ սա արվել է բացառապես ՀԷՑ-ի սեփական միջոցներով՝ առանց վարկային միջոց ներգրավելու՝ կառավարման վերանայման արդյունքում։
Արդյոք նոր որոշումը որևէ քաղաքական բաղադրիչ ունի՞ Մեսրոպ Մովսիսյանը պարզաբանել է․
«Չեմ կիսում այդ տեսակետը, բացարձակ դրա հետ կապ չունի, ՀԷՑ–ի ղեկավար կազմը հայտնել էր այս մասին դեռ ամիսներ առաջ, որը նախնական ուսումնասիրությունների արդյունքում տեսել էր այդպիսի հնարավորություն, բարձրաձայնել էր, բայց բնականաբար մենք չէինք կարող նման որոշում կայացնել, որովհետև նման որոշումները որոշակի գործընթաց են անցնում։ Մեկ օրում մեկի ասածը միանգամից չի կարող հիմք հանդիսանալ։
Պետրոսյանն անդրադարձել է նաև իր պաշտոնավարման հնարավոր դադարեցման ու ՀԷՑ-ի շուրջ շարունակվող աղմկահարույց զարգացումներին՝ հայտարարելով՝ եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ։ Իր լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և պետականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվի։
Ներկայում վարչական դատարանի որոշմամբ՝ կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման գործընթացից»:
Հիշեցնենք՝ 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։
Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։




