ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

270 մետր ու 7 տարի չլուծվող․ Շերամի փողոցում ճանապարհի կառուցման ձգձգվող հարցը կլուծվի

Ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծումներ՝ այն խնդիրների համար, որոնք Երևանում կուտակվել են տարիներ շարունակ ու չեն լուծվում։ Բայց, օրենսդրական փոփոխությունները նույնպես կարևոր են։ Լուծել հին հարցերը՝ նորերով զբաղվելու համար՝ կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը։ Կառավարությունը քննարկել է այդ խնդիրներն ու կոնկրետ որոշումներ կայացրել։

Երևանի Բաբաջանյան փողոցից մինչև Աշտարակի խճուղի ճանապարհին կա անավարտ մի հատված։ Խոսքը Շերամի փողոցի 270 մ և մոտեցող ճանապարհի 110 մ կտորների մասին է։ Կառավարության որոշումով՝ այդ հատվածները առաջիկայում, ի վերջո, կկառուցվեն։

Շինարարության ձգձգումները պայմանավորված են ճանապարհի ազդեցության գոտում գտնվող գույքերի նկատմամբ սեփականության օտարման վերաբերյալ առաջացած դատական վեճերով, դրանց արդյունքում դատարանի կիրառած սահմանափակումներով, մասնավորապես` տվյալ գույքի նկատմամբ որևէ գործողություն կատարելու արգելանքով։

Ուստի շինարարական աշխատանքները ամբողջությամբ չեն իրականացվել։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մանրամասներ է ներկայացնում այս հարցի վերաբերյալ․

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջնորդության հիման վրա ներկայումս արգելանքը վերացվել է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինական աշխատանքների իրականացմանը, որը, ըստ էության, հանրություն կտա քաղաքային իշխանություններին վերացնելու խոչընդոտները և ապահովելու հետագայում տվյալ հատվածով անվտանգ և անխափան երթևեկությունը»։

270 մետր ճանապարհահատված ու 7 տարվա քաշքշուկ․ խնդիր, որը չի լուծվում։ Արդյունքում՝ բազմաթիվ անհարմարություններ, խցանումներ։ Սա Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կարևոր հատվածներից է, որն ամբողջացնում է մայրուղին։ Երևանի քաղաքապետը ևս մեկ անգամ հստակեցնում է․

«2-րդ կառավարության նախագիծն ենք առաջարկել, որով բացի նախագծային աշխատանքների և տեխհսկողության առանձնահատկություններ սահմանելուց, նաև հենց բուն շինարարական աշխատանքների անհետաձգելիությունն ենք ապահովում։ Իրականում մենք պլանավորում ենք, որ հաջորդ 1․5 ամսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է սկսենք։
Այս պահին ավարտվում է նախագծման, վերանախագծման աշխատանքների հիմնական, այսպես ասած, մեծ փաթեթը, որից հետո իրականացվելու է դետալացված որոշակի աշխատանք»։

Տիգրան Ավինյանն ասում է, որ Երևանի ՏԻՄ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ են կատարվել։ Դրանցով հնարավոր է լուծել մայրաքաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացել են օրենսդրական բացերի պատճառով։ Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել Երևանի քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության հարցում։ Բացի այդ, ևս մեկ փոփոխություն էլ է նախատեսվում, ասում է վարչապետը․

«Մենք օրենսդրական կարգավորում ենք ընդունում, որով պետական շենքերը նույնպես գույքահարկ պետք է վճարեն և պետք է վճարեն համայնքներին, որի արդյունքում համայնքների բյուջետային հնարավորությունը մեծանում է»։

Փակուղի մտած հարցերի լուծման մեխանիզմներ են պետք, ընդգծում է Նիկոլ Փաշինյանն ու ձևակերպում խնդիրը․ «Պետք են քաղաքական, ոչ ստանդարտ լուծումներ և ոչ ստանդարտ որոշումներ, և այնտեղ, որտեղ պետք է օրենսդրական փոփոխություն, պետք է գնալ օրենսդրական փոփոխություն անել, որպեսզի խնդիրը լուծվի, որովհետև այդ խնդիրները գոյություն ունեն արդեն 30, 40 տարի։ Ես սկզբունքորեն հասկանում եմ, որ հիմա ամբողջական մի թաղամաս (Հաղթանակ՝ երրորդ գյուղ), որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում։ Այդ մարդիկ շարունակելու են այդտեղ ապրել, դա փաստացի իրենց գույքն է, փաստացի տիրապետում են, բայց իրենք այդ գույքի հետ ոչ մի գործողություն չեն կարողանում անել, օրինակ՝ վաճառել, ժառանգել։ Արդյունքում նաև համայնքն է եկամուտներ կորցնում»։

Վարչապետն առաջարկում է ճգնաժամային ու տևական հարցերի լուծման մեխանիզմ ստեղծել։ Երևանի քաղաքապետը համամիտ է՝ կան հարցեր, որոնց պետք է քաղաքական լուծում տալ, ոչ թե իրավական։ Հակառակ դեպքում՝ դրանք կմնան առանց լուծման։ Այսպես Երևանի նմանատիպ խնդիրների մոտ 85 տոկոսն արդեն լուծվել է՝ ասում է Ավինյանը։ Վարչապետը կարևորում է խնդիրները գույքագրելը։ Կառավարությունն առաջարկում է Երևանի քաղաքապետին լիազորել ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական գույքերին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածները քանդելու նպատակով ներկայացնել այդ շինությունների քանդման գրավոր պահանջներ, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում:

Կարդացեք նաև

Back to top button