ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հաղթելու 100 %-ն ընդդեմ պարտվելու 100%-ի․ քաղաքական դաշտում խոսույթը կոշտանում է

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հայտարարությունները գնալով կոշտանում են։ Կուսակցությունները ոչ միայն իրենց հնարավորություններից են խոսում, այլև սուր արձագանք են տալիս մրցակիցների գնահատականներին։ Այդպիսով ընտրություններից առաջ լարված և հակասություններով լի մթնոլորտ է ձևավորվում։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ապրիլի 17-ին իր գործով դատաքննությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ինչպե՞ս է գնահատում իր առաջնորդած ուժի հնարավորությունները առաջիկա ընտրություններում հարցին Կարապետյանն այսպես է արձագանքել․

«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»։

Սամվել Կարապետյանի այդ հայտարարությանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես է պատասխանում․ «Սամվել Կարապետյանը 100 տոկոս չի կարող լինել և՛ պատգամավոր, և՛ վարչապետի թեկնածու։ Ժողովուրդն է որոշում՝ ո՞վ քանի տոկոս հավանականություն ունի, ո՞վ քանի տոկոս վստահություն և շանս ունի»։

Սամվել Կարապետյանի հայտարարության համատեքստում լրագրողները պատգամավորներին հիշեցրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը․ «Իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70, թե՝ 60, այդ է, ինչքա՞ն ուզես՝ այդքան խփենք»։

Այս հիշեցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արձագանքում է․ «Ինչքան ուզենք՝ խփենք և այլն։ Նման շատ արտահայտություններ են հնչել, տեսնում ենք, թե որտեղ են այսօր այդ հայտարարության հեղինակները»։

Ի դեպ՝ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Այնուամենայնիվ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոստանում է, որ անմասն չեն մնալու երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից․

«Յուրաքանչյուր հանրապետական իր ուժերի ներածի չափով ու դրանից մի քիչ ավել, այնպես, ինչպես այս 7 տարիների ընթացքում, ամեն ինչ կանի մեր բոլորի, հայ ազգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը ապահովելու համար, այն է՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար»։

Ինչ կարծիք ունի ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանրային խոսույթում հնչող հայտարարությունների բովանդակության ու դրանցում տեղ գտած արտահայտությունների մասին։ Պատգամավորն ասում է՝ այդ հայտարարություններն իրեն փողոցային բարքեր են հիշեցնում։

«Կարծում եմ՝ այստեղ պետք է ամրագրել, որ վերջին 7 տարիների ընթացքում այդ բառապաշարով առաջին հերթին խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը և իր որոշ գործընկերներ։ Չնայած նրան, որ բազմաթիվ անգամ խոսել են քաղաքակրթությունից, բարեկրթությունից, ինքը նաև խախտել է բարեկրթության իր երդման պահը»։

Օհանյանը նաև ընդգծում է, որ դատապարտում է ոչ միայն իշխանության, այլև ցանկացած մեկի, քաղաքացիներին ուղղված, իր խոսքով՝ փողոցային բառապաշարը։

Քաղաքական դաշտում տեղ գտած բառապաշարի մասին լրագրողները կառավարության նիստից հետո հարց են ուղղել Նիկոլ Փաշինյանին, ինչին վարչապետն այսպես է պատասխանել․  

«Ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018-ից ունեն ազատ կամարտահայտման իրավունք։ Ոչ, քավ լիցի, իմ մտքով նման բան չի կարող անցնել, որոհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանն ու քաղաքական ծագումնաբանությանը»։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ կիսվում է իր քաղաքական զգացողությամբ, ըստ որի, ընդդիմադիր երեք ուժերը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեն հաղթահարելու խորհրդարանի անցողիկ շեմը։

«Ո՞նց կարող է մարդը գնալ քվեարկել լկտիության, ստի, պատերազմի և իր հասցեին վիրավորանքի օգտին»։

ՔՊ խմբակցության քարտուղարը խոսեց նաև նախընտրական շրջանում իրավապահների ուժեղացված ծառայության անհրաժեշտության մասին։

«Ես տեսա՝ երեկ շշեր էիր նետում ոստիկանների ուղղությամբ, կառավարության շենքի դիմաց ակցիաներ են եղել, որտեղ քարերով հարվածում էին ոստիկանների գլխին, ձեր գործընկեր լրագրողներին են բռնության ենթարկել, այդ նույն ընդդիմության հանրահավաքներին, և այս հանգամանքը հաշվի առնելով, որ գործ ունենք նույն ընդդիմության հետ, ուղղակի այսպես տարբեր խմբերի մեջ հավաքած նորից բաժանած ու ցրած, բնականաբար իրավապահները պետք է ավելի զգոն լինեն»։

Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ վստահ է, որ իրավապահները գործում են իրենց ունեցած օպերատիվ տեղեկությունները և նախկինում տեղի ունեցած դեպքերը հաշվի առնելով։

Կարդացեք նաև

Back to top button