Էկոսֆերա

Ապրիլի 18-ին շաբաթօրյակ Հրազդանի կիրճում. մեկնարկում է բնապահպանական մեծ նախաձեռնություն․ «Էկոսֆերա»

Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանն ու «Գրին գրին» ՀԿ-ն Հրազդանի կիրճում կիրականացնեն շաբաթօրյակ, այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ընթացքում տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը։

«Կիրճը բաժանվել է մի քանի մասերի, որոնք հիմնականում ըստ բարդության աստիճանների են ներկայացված։ Նշեմ, որ սրանք ոչ միայն մաքրապատման աշխատանքներ են, այս աշխատանքներն իրականացվելու են աղբի տեսակավորմանը զուգահեռ։ Այս միջոցառման ընթացքում նախատեսում ենք իրականացնել փոքրիկ ակնարկ-ներածություն՝ տեսակավորման կարևորության մասին և մասնակիցներին բացատրել դրա իրականացման մեթոդները, հենց տեղում ունենալու ենք ներկայացված աշխատանքներ՝ երկրորդային հումքից պատրաստված արվեստի գործեր։ Շաբաթօրյակին հաջորդվելու է նաև ծառատունկ՝ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում»։

Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվում է հատկացնել 172 մլն դրամ Երևանի քաղաքապետարանին՝ կիրճի տարածքում հանգստի գոտու ձևավորման և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Ծրագիրը միտված է տարածքի էկոլոգիական և սոցիալական գործառույթների համադրմանը՝ ապահովելով բնակչության համար մատչելի, անվտանգ և բարեկարգ հանրային միջավայր։

Ծրագրի շրջանակում Արաբկիր վարչական շրջանի հատվածում նախատեսվում է իրականացնել լանդշաֆտային և ճարտարապետական համալիր լուծումներ՝ ներառյալ սպորտային և մշակութային ենթակառուցվածքների ստեղծում։

Միաժամանակ իրականացվել են տարածքի կենսաբազմազանության՝ ֆլորայի և ֆաունայի համապարփակ ուսումնասիրություններ, որոնք հիմք են հանդիսանում Հրազդանի կիրճին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու գործընթացի համար։

Կարդացեք նաև

Back to top button