
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը։
Նիկոլ Փաշինյանի ֆյեսբուքի էջում հրապարակված նախագծում ընդգծված է, որ ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։
Նախաբանում, որպես ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, նշել է, որ իրենց աջակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որով Հայաստանի համար բացվել է խաղաղ զարգացման դարաշրջանը։
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի,
Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։
Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։
Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Ձեր՝ Նիկոլ»,-ասված է ՔՊ-ի նախընտրական ծրագրի նախաբանի Փաշինյանի խոսքում։




