
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարելու համար ստեղծված «Դեմ եմ» շարժումը թեեւ պայքարի թափը թուլացրել է, բայց շատերի համար անընդունելի համակարգի դեմ պայքարը դեռ շարունակվում է: Շարժման անդամները աստիճանաբար վեր են հանում նոր խնդիրներ, որոնք առաջանում են կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից հետո: Այս համակարգը, պարզվում է, լուրջ խնդիրներ է առաջացրել գիտության եւ կրթության ոլորտի համար՝ առաջացնելով երիտասարդ գիտնականների եւ դասախոսների դժգոհությունը:
ՍԴ-ն երկրորդ անգամ ստիպված է քննել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին դիմումը: Դատարանին փոխանցված փաստաթուղթը բաղկացած է 500 էջից, քննությունը նախատեսված է 2015 թվականի մարտի 31-ին: Աժ-ի պատգամավոր դաշնակցական Արծվիկ Մինասյանը համոզված է՝ հաջողություն են ունենալու, որովհետեւ նախորդ փորձից ելնելով այս մի դիմումը շատ ավելի հիմնավոր է:
«Նշանակում է, մեր երկրում նաեւ սահմանադրականությունն ենք ապրապնդում: Մեր երկրում այլեւս փողոցը հարց կլուծի, այլ՝ սահմանադրական ինստիտուտները հարց կլուծեն: Դրույթներ եւ դիմումի մեջ ձեւակերպումներ են տրված, որոնք անհնար է անտեսվեն»:
Դժգոհություն առաջացրած խնդիրներից մեկն առնչվում է երիտասարդ գիտնականներին եւ դասախոսներին: 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները, ովքեր աշխատում են պետական հատվածում չեն կարող հրաժարվել կուտակային կենսաթոշակի վճար կատարելու պարտականությունից: Այս խմբի մարդկանց համար պարտադիր են գանձումները եկամտի բոլոր աղբյուրներից, այսինքն՝ մասնավոր աշխատավայրերից եւս:
Հայաստանում շուրջ 470 երիտասարդ դասախոսներից եւ գիտնականներից 120-նն արդեն երկընտրանքի խնդիրը լուծել են եւ ազատվել են աշխատանքից՝ իրենց դիմումի համաձայն: Նրանցից մեկը Գրիգոր Պետրոսյանն է, ով 2001 թվականից աշխատում էր ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:
« Գումարի համար չէ, որ աշխատել եմ: ՏՏ ոլորտի ներկայացուցիչ եմ, եւ մասնավոր կազմակերպություններում աշխատելով կարողանում եմ ինչ որ կարիքներ հոգալ: Ստացվեց այնպես, որ եթե թվերով ասեմ, կենսաթոշակային մուծումը ԳԱԱ-ից 1500 դրամ էր կազմում, իսկ այդ պատճառով մասնավորից մուծումները շատ զգալի գումար կգանձվեր եւ դրա պատճառով իմաստ չուներ շարունակել աշխատանքը այնտեղ»:
Թեեւ այս պահին «Դեմ եմ» շարժումը ակտիվ չէ այնպես, ինչպես նախկինում, բայց պայքարը դեռ շարունակվում է, ասում է շարժման անդամներից Արսեն Մանուկյանը: Երիտասարդը նույնիսկ այսօր մեղադրանքներ հնչեցրեց, որ իրականում խնդիրը լուծելու համար իշխանությունը ոչինչ չի արել:
«Պարզապես շռայլել են խոսքեր: Վարչապետը իր PR-ի համար ինչ որ խոստումներ տվեց, որ խնդիրը կլուծվի, բայց փաստն այն է, որ մինչեւ այսօր լուծումներ գտնված չեն»:
Այս պահին լուծումները մի քանիսն են: Մեկն, ըստ Արծվիկ Մինասյանի՝ հենց խորհրդրանի միջամտությամբ հրատապ կարգով, 24-ժամյա ռեժիմով, երկու ընթերցումով եւ հետադարձ ուժի իրավունքով համապատասխան փոփոխություն կատարելն է: Ընդդիմության համար խնդիր չէ այդ ամենը նախաձեռնելը, բայց ընդունման համար անհրաժեշտ են նաեւ իշխանության պատգամավորների ձայները: Կգնա իշխանությունը այդ քայլին, թե ոչ պարզ կդառնա շատ շուտով: Աժ-ի ձմեռային նստաշրջանի ավարտին մնացել է մեկ քառօրյա եւ, հավանաբար, մեկ արտահերթ նիստ:




