ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Նայեք թռիչքների քարտեզին․ միակ անվտանգ տարածքն իրականում անցնում է ձեր երկրով»․ «Ռադիոլուրի» բացառիկ զրույցը Մարթա Կոսի հետ

«Ռադիոլուրը» բացառիկ հարցազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

— Տիկին Կոս, շնորհակալ եմ Հանրային ռադիոյի հետ հարցազրույցի հնարավորության համար։ Դուք այցելել եք մեր երկիրը լայն օրակարգով, և թույլ տվեք սկսել հետևյալ հարցով։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ընթացքը։

Ուրախ եմ կրկին այստեղ լինել վեց ամիս անց և շնորհակալ եմ Հայաստանի ազգային ռադիոյին խոսելու այս հնարավորության համար։ Դուք գիտեք, որ ես մեծ վստահություն ունեմ հանրային հեռարձակման համակարգի նկատմամբ։ Դրանք իսկապես շատ կարևոր դեր են կատարում ժողովրդավարության համար։

Վերադառնալով ձեր հարցին։ Ձեր երկրի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կարևոր է ոչ միայն ձեր երկրի, ոչ միայն Ադրբեջանի համար։ Այն կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, և ես կասեի՝ կարևոր է ամբողջ աշխարհի համար, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ամերիկայի նախագահը ներգրավված դրանում։

Իրականում, երբ ես խոսում էի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Ադրբեջանում և ձեր վարչապետի՝ պարոն Փաշինյանի հետ, երկուսն էլ ասել են, որ իրականում խաղաղությունն արդեն կա։ Պարզապես անհրաժեշտ է այն ձևակերպել ստորագրությամբ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ։ Ամենակարևորն այն է, որ ձեր երկիրը հստակ տեսլական ունի, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ, և առանց խաղաղության դա հնարավոր չէր լինի։

Այս խաղաղությունը նաև նոր հնարավորություններ է բերել մեզ համար Եվրոպայում։ Դուք գիտեք, որ Չինաստանի և Եվրոպայի միջև կապերը Ռուսաստանի միջոցով խզված են Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Հիմա մենք տեսնում ենք, որ Սև ծովի հարավով և Հարավային Կովկասով անցնող կապերը անհնար են Իրանի շուրջ պատերազմի պատճառով։

Եթե հիմա նայեք քարտեզին, թե որտեղով են թռիչքները գնում, կտեսնեք, որ միակ ազատ տարածքը կամ անվտանգ տարածքը իրականում անցնում է ձեր երկրի միջով։

Եվ սա ավելի լայն չափումն է։ Այսինքն՝ մենք կարող ենք բացել նոր առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, նաև մարդկանց միջև կապեր այս շատ կարևոր տարածքում։

Դուք ստացե՞լ եք քաղաքական մեսիջներ կամ ակնկալո՞ւմ եք, որ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի կամ գուցե առաջիկա ընտրություններից առաջ։

— Սա  չեմ կարող ասել, բայց հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Բայց իմ ուղերձը, երբ խոսում եմ խաղաղության մասին, հետևյալն է․ դուք գիտեք, երբեմն մենք մտածում ենք, որ խաղաղությունը պարզապես կա։ Այն երբեք պարզապես, որպես այդպիսին, չի լինում։ Մենք պետք է աշխատենք դրա համար։ Սա այն փորձն է, որը մենք հիմա ունենք Եվրոպայում։ Դուք գիտեք, Եվրոպական միության գաղափարը իրականում հիմնված է խաղաղության վրա։

Այն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դուք գիտեք՝ այն երկրները, որոնք ամենաշատն էին կռվել՝ Ֆրանսիան և Գերմանիան, Իտալիան և երեք փոքր երկրներ, որոշեցին աշխատել միասին։ Նրանք որոշեցին աշխատել տնտեսական օրակարգի վրա։ Դուք գիտեք՝ խոսքը պողպատի և ածխի մասին էր։

Եվ նույն հնարավորությունները ես հիմա տեսնում եմ ձեր տարածաշրջանում։ Դուք գիտեք՝ խոսքը նաև էներգետիկայի մասին է, նաև տրանսպորտի մասին է։ Երբեմն տնտեսական հարաբերությունների միջոցով երկարատև խաղաղությանն ավելի հեշտ է հասնել։

Եվ նաև՝ մեկ շատ կարևոր ուղերձ։ Դուք գիտեք՝ ես իմ սեփական երկրում ապրել եմ պատերազմ։ Այն երկար չէր, բայց դա պատերազմ էր։ Մարդիկ մահանում էին։ Երբ դու չգիտես՝ արդյոք կապրե՞ս, երբ ինքնաթիռները գան, երբ քո գյուղը ռմբակոծվի՝ սա կյանք չէ։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը դա ապրի։

Եւ ահա․ սա իրականում ձեր երկրի և Ադրբեջանի ղեկավարների ներդրումն է, ովքեր կարողացել են բերել այս երկու երկրներին դեպի խաղաղություն։

Սա մեկ քայլ է, բայց, իհարկե, կայուն խաղաղությունը, այսինքն՝ հավերժ, (եթե ասեմ դա մի քիչ ռոմանտիկ ձևով), մի բան է, որի վրա պետք է աշխատի երկու երկրների ամեն քաղաքացի։

Մնալով խաղաղության թեմայի շրջանակում։ Ադրբեջանի նախագահը, ըստ հաղորդագրությունների, չի մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Հայաստանում, նաև չի ուղարկելու ներկայացուցիչ։ Եթե նպատակը հասարակության տարբեր մակարդակներում երկխոսությունն ու շփումները  խրախուսելն է, արդյոք նման քայլը չի՞ խաթարում այդ ջանքերը։

Ես չեմ կարող մեկնաբանել նախագահ Ալիևի ժամանակացույցը, բայց հույս ունեմ, որ նա կգա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը շատ կարևոր հանդիպում է, և ես ուրախ եմ, որ Երևանն է հյուրընկալում այս հանդիպումը մայիսին։

Այսպիսով, սա կլինի հնարավորություն քննարկելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Հիմա մենք գիտենք, որ Ադրբեջանը երկու տարի անց կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքը, այնպես որ սա շատ դրական զարգացում է։

Բայց խոսելով այստեղ՝ ձեր մայրաքաղաքում անցկացվելիք հանդիպման մասին։ Սա իրականում մեծ հնարավորություն է ձեր երկիրը ավելի մոտեցնելու Եվրոպային։ Եվ ես կարծում եմ՝ բոլոր լրատվամիջոցները կլինեն այստեղ ողջ Եվրոպայից։ Դուք հիմա ավելի ու ավելի հետաքրքիր եք դառնում մեզ համար Եվրոպայում։ Ես դա տեսնում եմ՝ խոսելով անդամ պետությունների հետ։ Նրանք իրականում ձգտում են ավելի լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, և ես կարծում եմ՝ դրանք երբեք այսքան լավ չեն եղել, որքան այսօր, և ես պատրաստ եմ աշխատել դրա վրա, որ ապագայում դրանք էլ ավելի ուժեղ լինեն։

Եվ տարածաշրջանի վերջին զարգացումների մասին։ Արդյոք դրանք պահանջո՞ւմ են Հարավային Կովկասում իրականացվող Գլոբալ Դարպասներ՝ «Global Gateway» ռազմավարության վերագնահատում կամ փոփոխություն, հատկապես հաշվի առնելով, որ տնտեսական բազմազանեցումը դրա հիմնական ուղղություններից է։

Ուրախ եմ, որ դուք անդրադարձաք «Global Gateway»-ին։ Սա ծրագիր է, որը մենք մշակել ենք Եվրոպայում տարբեր ուղղություններով, և դրանցից մեկը շատ կապված է այսպես կոչված կապակցվածության օրակարգի հետ։ Այս օրակարգը, (կամ կարող ենք նաև խոսել Սև ծովի ռազմավարության մասին), որը մենք ընդունել ենք Եվրոպական միությունում, ունի մեկ հիմնական նպատակ` ինչպես Կենտրոնական Ասիան և Եվրոպան շատ ավելի լավ կապենք միմյանց։

Դուք գիտեք՝ քանի դեռ  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չկար կամ պատերազմ կար, դա հնարավոր չէր այս տարածքով։ Բայց հիմա՝ հնարավոր է։ Եվ դա մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս ճանապարհի բոլոր երկրների համար։

Եվ, իհարկե, դուք խոսեցիք դիվերսիֆիկացիայի մասին։ Կարծում եմ՝ որոշ երկրների համար դա շատ կարևոր է։ Օրինակ՝ հիմա տեսնում եք, որ Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը, որովհետև, օրինակ, մենք ներմուծում էինք գազի ավելի քան 60%-ը Ռուսաստանից։ Սա շատ մեծ կախվածություն է։ Իսկ դիվերսիֆիկացիան նաև նշանակում է, որ մենք ավելի մեծ ուշադրությամբ ենք վերաբերում մեր սեփական շահերին։ Այսինքն՝ եթե չենք կարող կամ չենք ցանկանում այլևս գազ ստանալ Ռուսաստանից, որտեղի՞ց կարող ենք այն ստանալ։ Իսկ Հարավային Կովկասով կապակցվածության օրակարգը մեզ կօգնի դա անել։

Եվ հետո, իհարկե, մենք արդեն տեսնում ենք՝ 2022 թվականից սկսած, այս տարածաշրջանում առևտուրը և կապերը աճել են չորս անգամ։

Եվ Եվրոպայում փորձագետներն ասում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և ավելի ուժեղ առևտրային հարաբերությունների դեպքում առևտուրը կարող է եռապատկվել մինչև 2030 թվականը։

Եվ ինչու՞ է սա այդքան կարևոր։ Որովհետև առևտուրը բերում է ներդրումներ։ Ներդրումները բերում են բարեկեցություն։ Այսինքն՝ նույնիսկ եթե առևտուրը կատարվում է բիզնեսների կողմից, շահառուները նաև այդ երկրների քաղաքացիներն են։

—  Վերադառնալով ԵՄ–Հայաստան հարաբերություններին։ Ո՞րը պետք է լինի հաջորդ մեծ քայլը համագործակցության առաջխաղացման համար Հայաստանի և Եվրոպական միության միջև։

Շատ ուղղություններ կան։ Հավանաբար ժամանակը չի բավականացնի, բայց ես կասեի՝ առաջին կարևոր կետը ձեր տնտեսության զարգացմանն աջակցելն է։ Նախօրեին ես ստորագրել եմ ևս 140 միլիոն եվրոյի համաձայնագիր, որը կօգնի ձեր բիզնեսներին աճել, և նաև կօգնի ձեր կառավարությանը իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, հատկապես վիզաների ազատականացման ոլորտում։ Սա շատ լավ նորություն է։ Հայաստանը այս պահին միակ  երկիրն է, որի հետ մենք իրականացնում ենք վիզաների ազատականացման գործընթաց։

Բարեփոխումները պետք է իրականացվեն, այնպես որ մենք նաև օգնում ենք կարողությունների կառուցմանը։ Եվ, իհարկե, շատ կարևոր է, որ մենք հետևում ենք ձեր ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսին։ Եվ մենք օգնում ենք ձեր ժողովրդավարությունը դարձնել ավելի դիմակայուն։

Այսպիսով, մենք այստեղ ենք՝ օգնելու ձեր ժողովրդավարական ինստիտուտները դարձնել ավելի ուժեղ։ Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը, որը ես համարում եմ շատ կարևոր վերահսկող մեխանիզմ։ Չի կարող լինել ժողովրդավարություն առանց ազատ և անկախ մեդիայի։ Այսպիսով, իսկապես շատ բան է տեղի ունենում։

Եվ, իհարկե, մարդկանց միջև կապերը։ Սա նույնպես մեր ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի օրակարգի մաս է, գագաթնաժողովը տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից մեկ օր հետո։ Դուք գիտեք՝ շատ հայեր ապրում են Եվրոպայում։ Ես գիտեմ, որ ձեր ժողովուրդը կցանկանար այցելել նրանց։ Ունեն հարազատներ։ Եվ դա նաև լավ է մեզ համար։ Եվրոպան միշտ եղել է տարբեր ազգերի, տարբեր մշակույթների, տարբեր լեզուների խորհրդանիշ։ Ահա թե ինչու մենք այդքան կարևորում ենք ձեր երկիրը։

Ի՞նչ կասեք մեր հարաբերություններում  ամենալուրջ խնդիրների մասին։

Ես խնդիրներ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մարտահրավերներ և հնարավորություններ։ Բայց, իհարկե, հիմա շատ ավելի հեշտ է, որովհետև կա խաղաղություն։ Ես կրկին վերադառնում եմ խաղաղությանը, տեսնում եք՝ նորից։ Եւ կան բաց կողմեր երկու կողմում էլ՝ ավելի ուժեղ հարաբերություններ ունենալու առումով։ Սա շատ կարևոր է։ Եվ մենք ունենք գիտելիք և փորձ, թե ինչպես կարող ենք օգնել։

Բոլոր երկրները, որոնք նախկինում միացել են ԵՄ-ին, անցել են այս գործընթացով․
բարեփոխումները բերում են ներդրումներ, ներդրումները՝ բարեկեցություն, նաև՝ խաղաղություն և ազատություն։

Շնորհակալություն ժամանակ հատկացնելու համար։ Հուսով եմ՝ ապագայում կրկին հնարավորություն կունենանք քննարկելու այս հարցերը։

Շնորհակալություն։ Սիրով։  

Կարդացեք նաև

Back to top button